Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կեղծ երդման մասին խոսելուց առաջ ուզում է բացառել և հավատալ, որ Սերժ Սարգսյանը և Գարեգին Վեհափառը դա թույլ չեն տա: “Իսկ եթե այդքան է նրանց խիզախությունը, քաղաքացիական ուժը, ժողովրդի նկատմամբ հարգանքը, հայրենիքի նկատմամբ սերը, քրիստոնեական արժեքը՝ կեղծել Սահմանադրությունը, ժողովրդի ընտրությունը և Սուրբ Գիրքը, այո, իմ դիակի վրայով պիտի անեն դա”,- ասաց նա և շեշտեց, որ այդ եզրույթը վերջին անգամ է օգտագործում:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ խոսել է նաև Սերժ Սարգսյանի մամուլի ծոսնակ Արմեն Արզումանյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հրավերը:
“Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որեւէ առաջարկ հանդիման, Ձեր նստավայրը ստում է: Ես Ձեզ հրավիրում եմ մեր նստարանի վրա, բաց կամ փակ քննարկման՝ որոշումը ձերն է: Ես կողմ եմ բաց քննարկման: Ես դա ասում եմ, որովհետեւ անցյալ անգամ դուք մոնտաժեցիք իմ խոսքը”,- նշել է նա:
Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ մինչև ապրիլի 9-ը Հայաստանում բեկումնային փոփոխություն պետք է լինի, և եթե դատարանն “այլ բան չորոշի”, ինքն Ազատության հրապարակում կլինի մինչև ապրիլի 9-ը:
Նա հրաժարվել է մեկնաբանել Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արած հայտարարությունները՝ նշելով, թե իր միակ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է:
Նշենք, որ վաղը, ժամը 12-ին, Ազատության հրապարակում սպասվում է “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ասուլիսը, իսկ ժամը 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կպատասխանի լրագրողների հարցերին: