Արա Նազարյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կարգապահական մեկուսարանների և կարգապահապան գումարտակի կարգավիճակի և գործունեության, դրանցում պահվող անձանց դատավարական իրավունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի հետ կապված հարցեր: Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի՝ մարդու իրավունքների թեմայով վերապատրաստման գործընթացը: Պատվիրակության անդամների խնդրանքով նրանց են փոխանցվել կարգապահական մեկուսարանների և կարգապահական գումարտակի պահման կարողությունների և այնտեղ պահվող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել կոմիտեի հետ աշխատանքները շարունակելու ՀՀ ՊՆ պատրաստակամությունը:




Լրահոս