Ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում: Որտեղի՞ց քաոս եկավ այս երբեմնի գեղեցիկ երկիր: Ո՞վ դատապարտեց սիրիացիներին պատերազմի ու դրան հաջորդող արտագաղթի:
Սիրիայում հակամարտությունը սկսվեց 2011 թ` որպես այսպես կոչված «արաբական գարնան»`Մերձավոր Արևելքում գունավոր հեղափոխությունների շարունակություն: Սիրիայի ընդդիմությունը սկսեց պահանջել սահմանադրական բարեփոխումներ: Այդ ժամանակ էլ գրանցվեցին մարդկային զոհերով առաջին բախումները: Ընդդիմադիրներին աջակցեցին ԱՄՆ, Եվրամիության անդամ երկրների մեծ մասն ու Պարսից ծոցի որոշ պետություններ: Նրանք սկսեցին Ասադի թշնամիներին ռազմական ու տեխնիկական օգնություն ցուցաբերել:
Հակամարտությունը նոր ուժով թեժացավ, երբ 2013 թ մի շարք ԶԼՄ-ներ գրեթե իրաքյան սցենարով սկսեցին մեղադրել սիրիական բանակին քիմիական զենք կիրառելու մեջ: Արևմուտքը սկսեց պնդել ռազմական օպերացիա անցկացնելու անհրաժեշտությունը: Այժմ Սիրիայի տարածքում ձևավորվել են մի քանի գոտիներ, որոնք զբաղեցնում են տարատեսակ զինված ձևավորումներ: Սիրիայի գրեթե ողջ կենտրոնական մասը, հարավային ու արևմտյան սահմանները գտնվում են «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, որը 2013 թվականից ցնցում են ողջ աշխարհը իր կողմից իրականացվող անմարդկային վայրագություններով:
Իսլամիստների բարբարոսությունները սակայն չսահմանափակվեցին քրիստոնյաներից ու ոչ իսլամիստներից անմարդկային հաշվեհարդարով, սկսվեցին ոչնչացվել նաև ողջ մարդկության համար պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ:
Շուրջ 4 տարի քաղաքացիական պատերազմի ու «Իսլամական պետության» ճիրանաններում տառապող սիրիացիները բռնեցին սեփական երկրից գաղթի ճամփան: Ավելի քան 2 միլինո մարդ, ընդ որում վերջին 6 ամսում դրանց թիվը մեծացել է մեկ միլիոնով, ստիպված է եղել լքել իր տուն ու դարձել է փախստական:
Մինչ մարդասիրություն ու ժողովրդավարություն քարոզող Եվրոպան «դարի աղետ» է անվանում ու փորձում ամեն կերպ խոչընդոտել ու սահմանափակել տարածաշրջան մահից մազապուրծ եղած փախստականների աննախադեպ հոսքը, Ռուսաստանը հայտարարեց Սիրիայում ընդդեմ «Իսլամական պետության» իր ռազմաօդային ուժերը կիրառելու մասին:
2015 թ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնային խորհուրդը Վլադիմիր Պուտին հայցից հետո միաձայն կերպով քվեարկեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերն օգտագործելու օգտին: Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՌԴ ԶՈւ արտերկրում օգտագործելու թույլտվությունը չի խախտում միջազգային իրավունքը, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համապատասխան խնդրանքով դիմել է Մոսկվային: Իվանովը հայտարարել է, որ արտերկրում ՌԴ Զինված ուժերը ներգրավելու որոշումը վերաբերում է ՌԴ ազգային շահերի պաշտպանությանը և չի հանդիսանում ինչ-ինչ նկրտումների բավարարում:
Իսկ թե ի՞նչ շահ է հետապնդում Ռուսաստանը Սիրիայում օպերացիա սկսելով և թե արդյոք մարդկությունը «Իսլամական պետություն» կոչվող չարիքից փրկելու ձգտումն է ուղղորդում Մոսկվային, դժվար է ասել…
Մանրամասները` ArmLur.am -ի տեսանյութում:
Տաթև Ֆռանգյան, Նարեկ Սարգսյան