Ընտրություն ոչ այնքան՝ «այո»-ի ու «ոչ»-ի, որքան՝ բուժվելու կամ հիվանդության շարունակվելու. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Գործող Սահմանադրությունը՝ իր բազմաթիվ թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, այնքան վատ սահմանադրություն չէ, որքան այն իրագործվում է, իսկ, որ ավելի ճիշտ է՝ ոտնահարվում է կյանքում։ Այսինքն՝ կրկին հանգում ենք լավ օրենքի, տվյալ դեպքում՝ Սահմանադրության ու դրա կենսագործման հակասության առջև ցանկացած լավ գրված սահմանադրություն կարող է պատուհաս դառնալ պետության համար, եթե գործնականում այն ոչ միայն չի պահպանվում, այլև դառնում է ամենաշատը ոտնահարվող ու խախտվող փաստաթուղթը։ Բարեփոխված կամ նոր սահմանադրությունը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ Հայաստանի համար, եթե դրա ընդունմանը զուգահեռ կամ դրանից առաջ՝ բարեփոխվեն, վերափոխվեն սահմանադրության «սուբյեկտները»՝ իշխանությունները՝ առաջին հերթին, և քաղաքական համակարգը՝ ընդհանուր առմամբ։

Խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակի մեջ քաղաքական համակարգի այս արատները վերացնելու և իսկապես ժողովրդավարական հարաբերություններ հաստատելու հնարավորություններ պարունակում է։ Մյուս կողմից՝ այն վտանգավոր և շատ ավելի բացասական կարող է դառնալ այն դեպքում, երբ իրական փոփոխությունները փոխարինվեն պսևդոփոփոխություններով, կոսմետիկ վերափոխումներով՝ պահպանելով ու ավելի խորացնելով այն ախտերը, որոնցով հիվանդ են մեր բոլոր իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական համակարգը՝ ամբողջությամբ։ Որոնց արդյունքում և որոնց պատճառով հիվանդ է նաև հասարակությունն ու պետությունը, վերջին հաշվով։ Սահմանադրական փոփոխություններն իրականում ընտրություն են Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի համար։ Ընտրություն ոչ այնքան՝ «այո»–ի ու «ոչ»–ի, որքան՝ բուժվելու կամ հիվանդության շարունակվելու ու, Աստված մի արասցե, մահկանացու կնքելու միջև։ Սա հերթական, գուցե ամենաճակատագրական «կամ–կամ»–ն է, որից կախված է Հայաստանի ապագան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս