Գրիգորի Մարգարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր համար մինչեւ այժմ անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչու է նոր Սահմանադրության նախագծով կրճատվում ԱԺ պատգամավորների թիվը: Մեծամասնական ընտրակարգով ընտրված Մարգարյանը նաեւ վստահ չէ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու արդյունավետության մեջ: Սակայն չնայած դրան` նա երեկ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին:

-Պարո՛ն Մարգարյան, Դուք կողմ եք քվեարկել նոր Սահմանադրության նախագծին, որով, կարելի է ասել, անորոշ է մնում Ձեր «ճակատագիրն» այն առումով, որ հանրաքվեից հետո մեծամասնական ընտրակարգ չի լինելու, իսկ Դուք մշտապես պատգամավոր եք ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Ինչո՞ւ կողմ քվեարկեցիք մի նախագծի, որը, փաստորեն, Ձեր շահերին դեմ է:

-Ես բազմիցս ասել եմ, որ ես կառչած չեմ պատգամավորի մանդատից: Երկրորդն էլ՝ ժողովուրդը պետք է որոշի՝ սահմանադրական փոփոխությունը կատարվելու է, թե չէ: Հանրաքվե է լինելու, իսկ հանրաքվեն էլ ժողովրդի համար է: Ես մի քանի անգամ նշել եմ նախագծի ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները, դա վերաբերում է թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգին: Այո՛, ես չեմ գտնում, որ անպայման պետք է համամասնական ընտրակարգով լինեն ընտրությունները: Ես չգիտեմ՝ Վենետիկի հանձնաժողովի ղեկավարը կողմ է դրան, թե ոչ, ես ունեմ իմ տրամաբանությունը, որը հետեւյալն է՝ կարծում եմ՝ պետք է նայենք մեր տարածաշրջանին, կարծում եմ՝ պետք է ուսումնասիրենք մեր փորձը: Մենք այսօր անդամակցում ենք ԵՏՄ-ին, մենք պետք է տեսնենք, թե ինչ ընտրակարգ է գործում այդ երկրներում, ես ասեմ, որ այդ երկրների ցանկում չկա մի երկիր, որտեղ միայն համամասնական ընտրակարգով են ընտրում: Եթե վերցնենք Ռուսաստանը, որն այսօր հանդիսանում է ԵՏՄ-ի լոկոմոտիվը, ապա նշեմ, որ իրենք անցած ընտրությունների ժամանակ անցան համամասնական ընտրակարգի, բայց, չգիտես ինչու, այժմ էլ վերադարձել են համախառն ընտրությունների ձեւաչափին: Հիմա եթե այդ մարդիկ վերադարձել են հին ընտրակարգին, ապա գտել են, որ ճիշտը դա է եղել: Բայց ես կրկնում եմ, որ պետք է որոշի ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե պատգամավորների թիվը պետք է դառնա 101, ես այդտեղ էլ չեմ տեսնում տրամաբանություն, որովհետեւ չեմ կարողանում պատկերացնել, որ որեւէ միջազգային կառույց առաջարկել է, գտել է ու պահանջ է դրել, որ ՀՀ-ում լինի ոչ թե 131, այլ 101 պատգամավոր: Ես հիմա չեմ կարողանում պատկերացնել այդ ամենի դրդապատճառը, հասկանալ, թե ինչու է այժմյան խորհրդարանի 25 տոկոսը կրճատվելու, ու ես որեւիցե մեկից այդ հարցի վերաբերյալ պատասխան չստացա: Իսկ մնացածում ես որեւիցե վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ օր օրի լավ բան եմ տեսնում:

-Բայց ըստ ընդդիմության ներկայացուցիչների՝ մենք համակարգային փոփոխություն չենք ունենալու, լինելու է իշխանությունների վերարտադրություն, ինչի արդյունքում ՀՀ-ում առկա խնդիրներն ու կառավարման արատավոր համակարգը էլ ավելի է խորանալու:

-Ես չգիտեմ, թե Դուք ինչ դեմքերի մասին եք խոսում, բայց մի բան կարող եմ ասել, որը ես եմ լսել ու ես վստահում եմ նախագահի ասածին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը որեւիցե պաշտոն չի ցանկանում զբաղեցնել, կարծում եմ` դա բավարար է: Ինչպես ասում են՝ այդ վերարտադրվելու հարցի հետ կապված ես որեւիցե խնդիր չեմ տեսնում:

-Եթե Սերժ Սարգսյանի կուսակցությունը նրան խնդրի, որ մեծ քաղաքականությունից չհեռանա, «տանը չնստի», ի՞նչ է լինելու այդ դեպքում, արդյո՞ք Դուք փոշմանելու եք, որ կողմ եք քվեարկել Սահմանադրության փոփոխությանը:

-Եթե կարելի է, ես «եթե»-ներով Ձեր հարցին ուրիշ կերպ պատասխանեմ, ես ավելի իրատեսական մարդ եմ: Եթե այսօր երկրի նախագահը հայտարարում է, որ ինքը այդ պաշտոններին չի գնալու, ես չեմ հիշում մի անգամ, որ երկրի նախագահը իր ասածից հրաժարվի: Ես կարծում եմ, որ պետք է խոսել ներկայով, այն ժամակով, որը կա: Այժմ կատրվում են սահմանադրական բարեփոխումներ, մենք քվեարկում ենք այդ փոփոխություններին, եթե առաջիկայում կլինեն այլ բաներ, այդ ժամանակ մենք կխոսենք այդ ամենի մասին: Ես չեմ կարծում, որ իրատեսական է խոսել մի բանի մասին, որը ապագան է:

-Իսկ ի՞նչ է նոր Սահմանադրությամբ փոխվելու ժողովրդի առօրյայում, արդյո՞ք այդ փոփոխություններից հետո մարդիկ սկսելու են ավելի լավ ապրել, արդյո՞ք լուծվելու են նրանց սոցիալական խնդիրները: Չե՞ք կարծում, որ այսօր հանրությանը սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում:

-Ձեր հարցը բարդ է, խորն է, ու ես չեմ կարող մեկ բառով ասել, թե իրականում ինչ է լինելու, ես չեմ կարող պատասխանել, բայց հիմա հիմնական փոփոխությանը ես կողմ եմ. նախագահականից անցում է կատարվելու խորհրդարանական մոդելի: Ես չեմ կարծում, որ հենց դրանից միանգամից պետք է գյուղացին օգտվի կամ վնասվի, խոսքը կառավարման ձեւի փոփոխության մասին է: Իմ կարծիքով պառլամենտական մոդելը շատ ավելի արդյունավետ է, քան ներկա մոդելը: Այսինքն՝ պատգամավորները էլ ավելի շատ ձայն կունենան Կառավարությունում: Ես իմ ընտրատեղամասում շատ հարցեր եմ ունենում, որոնք կապված են լինում Կառավարության հետ, իսկ այս դեպքում պատգամավորի ուժը կավելանա Կառավարությունում: Մենք կսկսենք ավելի շատ հարցեր լուծել, որը հօգուտ մեր ժողովրդի կլինի: Կարծում եմ՝ հանրությունը դա շատ շուտով կզգա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս