ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ խոստացավ, որ իրենց հետընտրական պայքարը ոչ թե բառախաղ է լինելու, այլ գործողությունների ծրագիր: Այսօրվանից «Ժառանգության» առաջնորդը կրկին այցելելու է մարզեր՝ տեղում հանրահավաքներ անելու. Հովհաննիսյանը լինելու է Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում, իսկ մարտի 8-ին ու 9-ին հանրահավաքներ է անելու Երեւանում: 
Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարտի 9-ին էլ ներկայացնելու է իր գործողությունների հետագա ծրագիրը՝ այդպես փակելով բոլոր նրանց բերանները, ովքեր չարախոսում են, թե ինքը ծրագիր չունի: Մինչ այդ նա հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրավիրել էր Ազատության հրապարակ, բայց նրանք այդպես էլ չեկան: «Ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, որովհետեւ իրենք գիտեն՝ ռիսկ արեցին, ես ոտքովս կգնամ եւ ժողովրդի պահանջը կներկայացնեմ իրենց եւ դա կանեմ։ Ուրեմն ներկա դրությամբ մենք խոսքով ավելացնելու չունենք, մերը անելիքն է»,-նշեց նա։ Ր. Հովհաննիսյանը նաեւ կոչ արեց օտարերկրյա պետությունների ղեկավարներին վերանայել Սերժ Սարգսյանին իրենց ուղարկած շնորհավորական ուղերձները: Նա պատրաստակամություն հայտնեց հանդիպել ու այդ հարցերը քննարկել հենց այդ գերտերությունների ղեկավարների հետ: «Չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու, իրենք պիտի հանձնեն իշխանությունը ժողովրդին»,-ասաց նա:
Հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ իր ելույթում կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել քաղաքական դիակների հիշատակը: «Իմ կարծիքով, նրանք արդեն քաղաքական դիակներ են եւ եթե ամոթ ու աբուռ ունենային, վաղուց հրաժարական էին տվել»,-իշխանություններին ասաց Հախվերդյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հետընտրական պայքարի համատեքստում կարեւորեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելն ու մայրաքաղաքի իշխանությունն ընդդիմության ձեռքը վերցնելը: «Այսօր իշխանության հասնելու շարժման առաջին հանգրվանը մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններն են: Հայաստանի նման երկրում Երեւանի քաղաքային իշխանությունը ձեռք բերելը շարժման համար վստահաբար կունենա վճռական նշանակություն իշխանության միահեծան այս վիճակը փոխելու եւ իշխանություններին շատ ավելի լուրջ զիջումներ պարտադրելու ճանապարհին»,-նշեց նա: Ռուստամյանը նաեւ կարեւորեց շարժման ողնաշարի ձեւավորումը. «Ժողովրդի այսպիսի տեւական եւ աննահանջ պայքարը ապահովելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ձեւավորել շարժման ողնաշարը՝ նրա կազմակերպական կառույցը՝ սկսած կենտրոնական ղեկավարումից մինչեւ շարժման մարզային ու համայնքային ստորաբաժանումների կազմավորումը»: 

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս