![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/eduard-sharmazanov.jpg)
Ի տարբերություն երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում չկային վերամբարձ բառեր, կար միջազգային փորձ, տեսլական և հանձնաժողովի աշխատանքի գնահատական: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, այս մասին նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերակշռում էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ», – ասաց նա:
Շարմազանովի խոսքով` Քոչարյանի հարցազրույցի անկյունաքարն այն հատվածն էր, որում ասվում էր, որ նոր Սահմանադրությունը դառնում է արատավոր համակարգի վերարտադրության գործիք: «Եթե արատավոր համակարգի վերարտադրության գործիք է, ապա դա երբ է առաջացել, որ ժամանակներում », – ընդգծեց նա:
Հարցին, ինչ սև կատու է անցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, Շարմազանովը նշեց. «Ես սև կատու չեմ տեսել, ես գնահատականներ հնչեցրի: Չգիտեմ ով ում դեմ է դուրս գալիս, բայց ՀՀԿ-ի գնահատականներն անձերին ուղղված չեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ներկայացրել էր իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների մասին: