Սահմանադրական դատարանում այսօր` մարտի 12-ին, միջադեպ է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS .am-ի թղթակիցը ՍԴ-ից, նիստի ընդմիջման ժամանակ ակտիվիստ Կարեն Հարությունյանը միջանցքում գտնվող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին ասաց` հանցագործ, մի քանի անգամ կրկնելով դա:
Ի պատասխան Մուկուչյանը նշեց, որ եթե մի կնոջ նվիրում են վարդ եւ նա դա գնահատում է, իսկ մի կենդանու տալիս են վարդ, ով ուտում է` չգնահատելով այն, չի նշանակում, որ վարդը վարդ չէ:
Սակայն դրանից հետո Հարությունյանը մի քանի անգամ բղավեց. “Մուկուչյանը հանցագործ է, ինչո՞ւ եք նրանից հարցազրույց վերցնումե: Երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին հանգստացնել նրան, ակտիվիստը նշեց, թե հանցագործի է տեսել եւ բարձրաձայնում է:
Վերջինիս մոտեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` Կարենին մեղադրելով բազմիցս սադրանքներ հրահրելու մեջ: “Դուք հանրապետականի՞ց եք, դուք էլ եք հանցագործ”,- ի պատասխան նշեց Կարեն Հարությունյանը: “Եթե ես հանցագործ եմ, դիմիր դատարան: Ժողովրդի մի մասի համար ես հանցագործ եմ, մյուս մասը ինձ վստահում է”,- նշել է Մարգարիտ Եսայանը: