«Իմ խորին համոզմամբ հայերը ճարտարապետական ստեղծագործական միտք և փորձառություն արտահանող ժողովուրդ են: Դա է ցույց տալիս մեր ամբողջ պատմությունը: Դա են վկայում օտարների բազմաթիվ վկայությունները և ուսումնասիրությունները:
Այսօր մեզ անհրաժեշտ են միասնական ջանքեր` Սփյուռքի և Արցախի հետ մեր կարողությունները համախմբելու համար, որպեսզի զարգացնենք մեր քաղաքներն ու գյուղերը, լրացնենք և գեղեցկացնենք դրանց ճարտարապետական դիմագիծը, փայփայենք ազգային առանձնահատկությունները` առավելագույնս օգտագործելով միջազգային փորձը և տեղական հնարավորությունները, այդ թվում՝ մարդկային և բնական ռեսուրսները: Այդ դեպքում միայն մեզ կհաջողվի լինել միջնադարի և հետագա տարիների հայ կառուցող վարպետների արժանի ժառանգորդները»,- ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Հայաստանում արդեն երկրորդ տարին պետական մակարդակով՝ կառավարության նիստերի դահլիճում՝ հանրապետության վարչապետի, ՀՀ քաղաքաշինության և սփյուռքի նախարարների, Երևանի քաղաքապետի, Ճարտարապետների և շինարարների միությունների նախագահների մասնակցությամբ նշվելով, Ճարտարապետի միջազգային օրը, ավանդական դառնալու միտումներ է ցուցանում:
Ճարտարապետի միջազգային օրվա կապակցությամբ մասնագիտական տոնի առթիվ Հայաստանի և սփյուռքահայ ճարտարապետներին շնորհավորելով երկրի վարչապետը` նշել է, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժևորվել է՝ ունենալով իր ուրույն տեղն ու դերը՝«Երբ մենք՝ հայերս, քննական հայացքով փորձում ենք գնահատել, թե ինչ ենք տվել, ինչով ենք հետաքրքիր աշխարհին, առաջինների թվում առանձին հպարտությամբ նշում ենք հայ ճարտարապետությունը»:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ելույթը ամփոփիչ էր և միաժամանակ՝ հաշվետու՝ իր խոսքում նա տեղեկացրեց թե մեկ տարվա ընթացքում նախարարության կողմից առանձնացրած՝ բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթությունների համատեքստում ինչ է արվել. «Այս տարի բավական քայլեր են արվել` հիմնականում օրենսդրական դաշտում: Կառավարությունն արդեն ընդունել է և մոտ օրերս խորհրդարանի հաստատմանը կուղարկի Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի նախագիծը»:
Ըստ նախարարի` այդ օրենքը կոչված է կարգավորելու ոլորտում առկա մի շարք բացթողումներ` մասնավորապես կենտրոնի համար նոր քաղաքաշինական փաստաթուղթ մշակելու, կառուցապատման խտության կարգավորման, շինարարության գործընթացի պատասխանատվությունների ապահովագրման, նոր տեխնոլոգիաների և կանաչ ճարտարապետության կիրառման, հողահատկացման գործընթացի կազմակերպման, ճարտարապետական մրցույթների անցկացման, ինչպես նաև խախտումների համար պատժամիջոցների կիրառման ուղղությամբ:
Կառավարությունը նաև քննարկել է և շուտով կառավարության համաձայնեցմանը կներկայացնի Ճարտարապետների միության հետ համատեղ մշակված «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը լուծում է ոլորտի կարևորագույն խնդիրները, այդ թվում՝ ճարտարապետների արտոնագրերի տրամադրումը՝ ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանի, ճարտարապետների վերապատրաստման հարցերը, ճարտարապետական էթիկայի հարցերի կանոնակարգումը, ճարտարապետների հոնորարների, վճարների և այլ հարցեր:
Նախարարի ներկայացմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը միաժամանակ մշակում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի նախագծի փոփոխությունները, որտեղ ի թիվս բազմաթիվ հարցերի` նաև առաջարկություն է ներկայացվում ձեղնահարկերի օրենսդրական կարգավորման վերաբերյալ:
Օրենսդրական նախաձեռնություններից զատ քաղաքաշինության նախարարությունը քայլեր է ձեռնարկել երիտասարդ մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու և նրանց ներուժն արդյունավետորեն օգտագործելու համար։
Նախարար Սարգսյանը ճարտարապետական հանրույթին տեղեկացրել է, որ, ճարտարապետության թանգարան կառուցելու ուղղությամբ ևս լուրջ ջանքեր են գործադրվում. «Կարելի է պատկերացնել, թե մեր հայրենակիցների և կամ զբոսաշրջիկների համար ինչ հոգևոր ազդակ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, երբ մեկտեղված են բոլոր այն ավերված գանձերի մանրակերտերը, որոնք սփռված են հայկական լեռնաշխարհում և կառուցված են հայերի ձեռքով: Մենք արդեն իսկ ձեռք ենք բերել այդ գանձերից և այսօր Ձեզ կցուցադրենք ճարտարապետության թանգարանում: Դրանք Օսմանյան կայսրության պալատական ճարտարապետներ Պալյան գերդաստանի կողմից մշակված շենքերի նախագծերի բնօրինակներն են»:
«Ճարտարապետների առջև ծառացած ամենաբարդ խնդիրն այսօր նրանց և հատկապես երիտասարդների զբաղվածությունն է: Այս ուղղությամբ հարցի լուծումը մեկն է՝ ապահովել Հայաստանի շինարարության ոլորտի զարգացումը: Ինչպես գիտեք, անցած տարի քաղաքաշինության նախարարությունը, որոշակի վերափոխելով նախարարության վեկտորը, իր կազմում ստեղծեց կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն՝ նպատակ ունենալով մշակել Հայաստանի տարածքների համար գրավիչ ներդրումային ծրագրեր:
Այսօր կարող եմ ասել, որ ծանրակշիռ աշխատանք է տարված այս ուղղությամբ: Բազմաթիվ հանդիպումներ են եղել ներդրողների հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս համոզմունք հայտնելու, որ 2016 թվականը այս առումով կարող է դառնալ բեկումնային: Վստահ եմ, որ սրանով վերջ կդրվի վերջին տարիներին ձևավորված այն արատավոր սովորույթին, երբ ճարտարապետներն ավելի շատ ասոցացվում են ճարտարապետության կամ ճարտարապետների մասին խոսողների, քան ճարտարապետություն ստեղծողների մասնագիտության հետ»,- նշել է նախարարը:
Հավելենք, որ Ճարտարապետի միջազգային տոնի առթիվ երկրի վարչապետը, ՀՀ քաղաքաշինության նախարարը և Երևանի քաղաքապետը ճարտարապետներին պարգևատրել եմ մեդալներով և շնորհակալագրերով:
Տոնի առթիվ սփյուռքի մի խումբ ճարտարապետների և ճարատարապետական ընկերությունների «Արշիլ Գորկի» մեդալով է պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: