1952 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության 4-րդ և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի հրաժարականից հետո կատարել է նախագահի պատականությունները 1999 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2000 թվականի մայիսի 7-ը։ 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 2012 թվականին կրկին ընտրվել է երկրի նախագահ։
Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես ոչ ժողովրդավարական։ Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների՝ Պուտինի թեկնածության և կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգիցավտորիտարիզմի անցումով: 2014 թվականին, Ղրիմի բռնակցման պատճառով կասեցվում է Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ ութնյակում»:
Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 7-ին Լենինգրադում։ Համաձայն մարդահամարի ժամանակ իր պատասխանի՝ ազգությամբ ռուս է։ Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը (23.2.1911 – 2.8.1999), Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է (Կարմիր բանակի 86-րդ դիվիզիայի 330-րդ հրաձգային գնդի մարտիկ, կռվել է պաշտպանելով Նևսկի հրապարակը, ծանր վիրավորվել է), մինչ պատերազմը ծառայել է ստորջրյա նավատորմում, պատերազմից հետո՝ վարպետ Եգորովի անվան գործարանում։
Մայրը՝ Մարիա Շեմելովան (1911-1998), նույնպես աշխատել է գործարանում, վերապրել է Լենինգրադի շրջափակումը։ Պապը՝ Սպիրիդոն Պուտինը, հայտնի խոհարար էր, ով պատրաստում էր բարձր կուսակցական և պետական պաշտոնյաների համար. նա մինչև անգամ աշխատել է Լենինի և Ստալինի համար։
Վ.Վ.Պուտինի թե՛ հայրական, թե՛ մայրական կողմի նախնիները (Պուտինները, Շելոմովները, Չուրսանովները, Բույանովները և այլք) առնվազն 300 տարիների ընթացքում եղել են Տվերյան կոմսության գյուղացիներ։ Վ.Վ.Պուտինի ամենավաղ հայտնի նախնին հիշատակված է 1627-1628 թթ. Տվերյան կոմսության գրամատյանում։ Յակով Նիկիտինը ցար Միխայիլ Ֆեոդորովիչի հորեղբայր Իվան Ռոմանովի տոհմական կալվածքի Բորոդինո ծխի Տուրգինովո գյուղի հիմնաբնակիչն էր։
Վլադիմիրը ընտանիքի երրորդ որդին էր. դեռևս 1930-ականներին ծնված երկու ավագ եղբայրները մահացել են մանուկ հասակում։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ մի եղբոր անունը Վիկտոր էր, ծնվել է 1940 թվականին և մահացել 1942 թվականին դիֆտերիայից։ Թաղված է Պիսկարովյան գերեզմանատանը։ Երկրորդ եղբոր անունը Ալիկ (Ալբերտ) էր, և նա մահացել է մինչ պատերազմը։
Պուտինների ընտանիքն ապրում էր առանց որևէ հարմարության կոմունալ բնակարանում՝ Լենինգրադում՝ Բասկովյան նրբանցք տուն 12-ում։ Այս բնակարանում Պուտինն ապրել է մինչ ԽՍՀՄ-ի ԱԱԿ-ում աշխատանքի անցնելը։ Դառնալով նախագահ՝ Պուտինը պատմում էր, որ մանկուց տարված էր հետախույզների մասին խորհրդային ֆիլմերով և երազում էր աշխատել պետական անվտանգության համակարգում։ Շնորհակալությամբ արձագանքում էր այն տարիներին խորհրդային իշխանության կողմից երիտասարդին տրամադրված կայացման և առաջխաղացման հնարավորություններին։
1960-1965 թվականներին Վլադիմիր Պուտինը սովորել է համար 193 ութնամյա դպրոցում, որից հետո ընդունվել է համար 281 միջնակարգ դպրոց (տեխնոլոգիական ինստիտուտի հենքի վրա քիմիական թեքումով հատուկ դպրոց), որն ավարտել է 1970 թվականին։
1970-1975 թվականներին սովորել է Լենինգրադի պետական համալսարանի (ԼՊՀ) իրավաբանական ֆակուլտետի միջազգային բաժնում։ ԼՊՀ-ում ընդունվեց ԽՄԿԿ շարքերը։ 1991 թվականին այս արգելված կուսակցությունից դուրս չեկավ։ Ուսումնառության ժամանակ առաջին անգամ հանդիպեց Անատոլի Սոբչակին, ով այն ժամանակ դոցենտ էր ԼՊՀ-ում։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Ամենաարտոնյալ ազգի սկզբունքը» (գիտական ղեկավար՝ Լ. Ն. Գալենսկայա, միջազգային իրավունքի ամբիոն)։
Ամփոփելով Պուտինի նախագահության շրջանում (2000-2008 թվականներ) տնտեսական արդյունքները՝ The Wall Street Journal-ը գրեց. «Տնտեսությունը ոչ միայն վերադարձրեց 1990-ականներին կորսված բոլոր դիրքերը, այլև ստեղծեց ծառայությունների կենսունակ հատված, որը համարյա գոյություն չուներ խորհրդային շրջանում։ Ռուսաստանում կենտրոնացված է ծավալով երրորդ ոսկու պաշարները՝ Չինաստանից և Ճապոնիայից հետո»։ Չինական Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինտաոն 2007 թվականին նշեց. «Վերջին տարիներին նախագահ Պուտինի ղեկավարությամբ սոցիալ-քաղաքական կայունության պայմաններում երկրի տնտեսությունը արագ տեմպերով աճում է։ Բնակչության կյանքը օրեցօր բարելավում է»։ Համաշխարհային բանկի՝ Ռուսաստանի հարցերով գլխավոր տնտեսագետը 2008 թվականին հաստատեց, որ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերի ֆոնին ցուցաբերում է լավ արդյունքներ։ Ինչպես նշում է տնտեսագետը, Ռուսաստանին կարելի է համարել տնտեսական կայունության կղզյակներից մեկը, որը արտացոլում է մակրոտնտեսական քաղաքականության որակը, ներքին պահանջարկի աճը, ոսկու պաշարների կուտակումը և Պետական պահուստային կուտակային ֆոնդը։
Ռուսաստանի տնտեսությունում նկատվում է աճ ՀՆԱ-ի (2000 — 10 %, 2001 — 5,7 %, 2002 — 4,9 %, 2003 — 7,3 %, 2004 — 7,2 %, 2005 — 6,4 %, 2006 — 7,7 %, 2007 — 8,1 %, 2008 — 5,6 %) համար, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության, շինարարության, բնակչության իրական եկամուտների աճ։ Տեղի ունեցավ աղքատության շեմից ցածր ապրող ազգաբնակչության թվի նվազում (2000 թվականի 29 % -ից 18 % 2004 թվականին), սպառողական վարկավորման ծավալների մեծացում (2000—2006 թվականների ընթացքում աճը կազմել է 45 անգամ). 1999 թվականից 2007 թվականը արդյունաբերության արտադրական ճյուղը աճեց 77 %, այդ թվում մեքենաշինությունն ու սարքաշինությունը՝ 91 %, տեքստիլ և կարի արտադրությունը՝ 46 %, սննդամթերքի արտադրությունը՝ 64 %։
Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշը Ռուսաստանում աճում է 0,691-ից (2000 թվական) մինչև 0,725 (2005 թվական), այսպիսով այս ցուցանիշով Ռուսաստանը մտավ մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարք։[132] Բայց այդ ընթացքում միջազգային համեմատականների արդյունքում Ռուսաստանի 57-րդ տեղից (2004 թվականի զեկույց) իջավ 67-րդ տեղը (2007 թվականի զեկույց, 2005 թվականի տվյալներ)։ 1999 թվականից 2007 թվականի Ռուսաստանի բնակչության կյանքի միջին սպասվող տևողությունը ավելացավ 65,9-ից մինչև 67,5 տարեկան։