Լոռու մարզպետի որդու գործն էլ կարճեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հուլիսի 18-ին արձակված կրակոցների առիթով հարուցված քրեական գործը կարճվել է: Խոսքը Լոռու մարզպետի որդուն ուղղված կրակոցների մասին էր:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին՝ 1993 թվականին ծնված Լեւոն Նալբանդյանը՝ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով:

Ավելի ուշ՝ ժամը 02:10-ին, իրավապահներին ինքնակամ ներկայացել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Երիցյանը եւ հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է անզգուշությամբ կրակել Լեւոն Նալբանդյանին: Ավելին՝ Երիցյանը ներկայացրել էր АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:

Եվ, ահա, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու քննչական բաժնում հարուցվել էր քրեական ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու եւ կրելու դեպքերի առթիվ:

Նշենք, որ դեպքի օրը մարզպետի որդին եւ նրան կրակած Կարենը բնության գրկում կազմակերպված խնջույքի են մասնակցել, որի ընթացքում տղաները մի լավ գինովցել էին, ինչից հետո էլ հնչել էին կրակոցները: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի որդին գնացել էր անտառի խորքը՝ բնական կարիքները հոգալու, իսկ Կարենը այդ նույն պահին միգուցե ցանկացել էր որս անել կամ իր առավելությունը ցույց տալ խնջույքին հրավիրվածների ներկայությամբ, կրակել էր Լոռու մարզպետի որդու` Լեւոն Նալբանդյանի ուղղությամբ:

Մարզպետն էլ այս առիթով հայտարարել էր, որ տեղի ունեցածը դիտավորյալ չի եղել. «Իրենք շատ մտերիմ ընկերներ են: Ընդհանրապես դիտավորության մասին խոսք լինել չի կարող: Լրիվ պատահականություն է»:

Ո՞վ գիտի, գուցե մարզպետն էլ այս գործով չի բողոքել:

Քնար Մանուկյան




Լրահոս