Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ «Երկրապահ» կամավորականների միությունը Եռաբլուրում երդմնակալության միջոցառում էր անցկացնում, իսկ ընդդիմության ներկայացուցիչները ջանացին չնկատելու տալ իրավիճակը:
Երեկ առաջինը Եռաբլուր եկավ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապա նրան միացավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, հետո՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրանց միացավ նաեւ ՎՊ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Լյովա Յոլյանը, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկել էր Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ:
Ամենաուշագրավն այն էր, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն այցելել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:
Նկատենք, որ Եռաբլուրում ԵԿՄ ներկայացուցիչները իրենց անունով շարֆեր էին նվիրում: Եվ որքան էլ զարմանալի է, Հ. Աբրահամյանը, որը չի մասնակցել Արցախի հերոսամարտին, եւս դարձավ երկրապահների «շարֆակիրը»:
Եռաբլուրում առկա իրավիճակը ճիշտ համեմատական է քաղաքական իրավիճակին: Օրինակ՝ սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանն իշխանության ներկայացուցիչների հետ էր միջոցառման ընթացքում, իսկ Արամ Սարգսյանն իշխանություններից առանձին կանգնած էր հետեւում: Նա Եռաբլուր էր եկել ՀԱԿ նախկին անդամ, մարտի 1-ի նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ:
Ներկաները ծաղիկներ դրեցին սպարապետի շիրիմին: Այնտեղ ծաղկեպսակ կար նաեւ Սերժ Սարգսյանի անունից: Այն դրված էր մեջտեղում, մարդիկ մոտենում եւ ծաղկեպսակի աջ ու ձախ կողմերում իրենց ծաղիկներն էին դնում: Արամ Սարգսյանը, սակայն, մոտեցավ եղբոր գերեզմանին, վերցրեց Սերժ Սարգսյանի անունից դրված ծաղկեպսակը եւ մի կողմ դրեց, որպեսզի մոտեցողները ստիպված չլինեին «հարմարեցնել» իրենց ծաղիկները:
Ավելի ուշ, երբ ավարտվեց միջոցառումը, եւ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չկար, Եռաբլուր այցելեցին ընդդիմության ներկայացուցիչները, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը, որն իր ջոկատի, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության մի քանի անդամների հետ միացավ Արամ Սարգսյանին: Ավելի ուշ նրանց միացավ նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերների հետ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ