Armenian text to speach

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԼԱՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
«Օրհնվի էն սհաթը, երբ տրանսֆերտները մտան Հայաստան». չգիտենք՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսպես օրհնում է, թե ոչ, բայց դա հաջողությամբ կարող էր լինել նաեւ վարչապետի աղոթքը:
Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում 2013թ. հունվարին շինարարության ոլորտում 2012թ. նույն ամսվա համեմատ տնտեսական ցուցանիշի բավական լուրջ` 18 տոկոսի հասնող անկում է արձանագրվել: Բացառված չէ, որ այդ անկումը մասամբ պայմանավորված լինի նախընտրական գործընթացներով, այդ թվում նաեւ` անորոշությամբ: 
Իհարկե, վերոնշյալ ոլորտում ցուցանիշներն առաջիկայում կբարելավվեն, բայց դա մխիթարություն չէ եւ ոչ էլ իշխանությունների արհեստավարժ աշխատանքի արդյունք, քանի որ առավելապես արտահայտվելու է հիմնականում վարկային միջոցների հաշվին կառուցվելիք հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի առանձին հատվածների շինարարությամբ:
Թեեւ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ. հունվարի համեմատ աճել է, բայց այդ չնչին` ընդամենը 2,1 տոկոսի հասնող աճը հնարավոր չէ գոհացուցիչ համարել:
Անկախ տնտեսության այլ ոլորտներում արձանագրված աճից՝ դժվար չէ տեսնել, որ մեր երկրի բնակչության մի զգալի հատված հիմնականում ապրում է արտերկրից Հայաստան մտած տրանսֆերտների հաշվին, որոնց ծավալը, ի դեպ, աճել է: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ 2012թ. ոչ առեւտրային փոխանցումների տեսքով, ընդ որում միայն բանկային համակարգով Հայաստան է մտել 1 մլրդ 687 միլիոն դոլար, որը նույնիսկ 57 մլն դոլարով գերազանցում է 2008թ. նախաճգնաժամային մակարդակը: Նկատի ունենանք, որ դեռ միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան մոտ 1,7 մլրդ դոլարին համարժեք փոխանցումները կազմում են ՀՀ պետբյուջեի ծախսային մասի մոտ 70 տոկոսը:
Եթե համեմատենք 2011թ. հետ, ապա անցյալ տարի միայն բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են մոտ 9 տոկոսով կամ շուրջ 140 մլն դոլարին համարժեք գումարով: Նշենք նաեւ, որ միայն Ռուսաստանից ստացված տրանսֆերտները, ԿԲ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն, անցյալ տարի կազմել են շուրջ 1 մլրդ 444 միլիոն դոլարին համարժեք գումար` մոտ 150 մլն դոլարի չափով գերազանցելով 2011թ. մակարդակը: 
Վերոնշյալ աճը պայմանավորված է ոչ միայն ՌԴ-ում տնտեսական վիճակի բարելավմամբ ու կայունացմամբ, տնտեսական ճգնաժամի մասնակի հաղթահարմամբ, այլեւ ՀՀ-ից վերջին մոտ 5 տարում արտագաղթի նոր ալիքի հետեւանքով ՌԴ-ում հաստատված մեր բազմահազար հայրենակիցների կողմից այստեղի իրենց հարազատներին կատարած դրամական փոխանցումներով:
Այնպես որ, կառավարությունը կարող է հանգիստ շունչ քաշել, ժողովուրդը մի կերպ կապրի… Եվ ինչքան շատ մարդիկ Հայաստանից արտագաղթեն, այնքան ավելի լավ այսօրվա կառավարությանը. ե՛ւ պահանջատերերը կքչանան, ե՛ւ իշխանությունների հոգսը կթեթեւանա: Ու դժվար չէ պատկերացնել, թե մեր երկրում, ուր աղքատության մակարդակը չափազանց բարձր է նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, սոցիալ-տնտեսական ինչ ռումբ կպայթեր առանց տրանսֆերտների, առանց այդ գումարների փոխանցման: 
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



Լրահոս