ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԳՐԻՊԻ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ներկայում հանրապետությունում նկատվում է գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացում: Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին` 3579, 18-24-ին` 5033 դեպք): ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ կա գրիպի թեթեւ դեպքերով հիվանդացության աճ: Միեւնույն ժամանակ գրիպի ծանր դեպքերի թիվը նվազել է:
«Մարդիկ, որոնք այսօր դիմում են ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզերի բժշկական կենտրոններ, նրանցից ոչ բոլորն են գրիպով հիվանդ, կան նաեւ շնչառական վարակներ ունեցողներ: Եվ այս իրավիճակից ելնելով՝ մայրերն իրենց փոքրիկների բուժումը կազմակերպում են ստացիոնար պայմաններում: Բայց սա դիտարկել, որ բոլորը գրիպ են, ծանր են, սխալ է: Իհարկե, կա հիվանդացության աճ: Թեթեւ դեպքերով դիմելիությունն ավելի է շատացել:  Վիճակագրական տվյալները վկայում են, որ այսօր այն ծանր դեպքերը, որոնք պետք է ստիպված բուժում ստանային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, կտրուկ նվազել են: Իսկ ինչ վերաբերում է թեթեւ դեպքերին, այո՛, նկատվում է աճ, որն ունի իր տրամաբանական բացատրությունը»,-ներկայացրեց Լ. Թորոսյանը: 
Գլխավոր մասնագետի տեղեկացմամբ` նախորդ տարիներին եւս մանկական ստացիոնարները միշտ աշխատել են նմանատիպ ռեժիմով, որովհետեւ եղանակային պայմանները եւ գրիպի սեզոնայնությունը նպաստել են, որպեսզի հատկապես մանկական տարիքի բնակչության կողմից դիմելիություն լինի:
Նրա կարծիքով՝ մարդիկ հիվանդացության աշխուժացումից եւ առողջապահության նախարարության հորդորներից ելնելով են սկսել հաճախակի դիմել թե՛ ստացիոնար բուժհաստատություններ, թե՛ պոլիկլինիկական ծառայություններ: Լ. Թորոսյանը խորհուրդ է տալիս չշփվել գրիպով հիվանդի հետ, չզբաղվել ինքնաբուժմամբ, ստանալ համապատասխան բուժում բժշկի կողմից եւ դադարեցնել անհարկի հակաբիոտիկներ ընդունելը. «Փետրվար-մարտ ամիսների ընթացքում մենք կազմակերպել ենք գրեթե 300 եւ ավելի լաբորատոր հետազոտություններ, եւ 100-ի մոտ H1N1 տեսակի վիրուսն է անջատված՝ 29-ի մոտ՝ Բ տեսակը, իսկ մյուսների մոտ` Ա տեսակը: Եթե ժամանակին չդիմեն բժշկի, դրա հետեւանքով կարող են այլ բարդություններ առաջ գալ»: 
Նախնական տվյալներով` ՀՀ մարզերի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում ներկայում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 198, թոքաբորբի թեթեւ ձեւերով` 74 հիվանդ, իսկ Երեւանում` սուր շնչառական վարակներով բուժվում է 161 հիվանդ, թոքաբորբի թեթեւ ձեւերով` 143: Երեւանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով եւ ուշ դիմելիությամբ:
Լ. Թորոսյանը հորդորեց մոռանալ խոզի գրիպը. «Եկե՛ք մոռանանք խոզի գրիպը: H1N1 ենթատեսակը կամ խոզի գրիպը սկսեց արագ տարածվել` սկզբում ամերիկյան, հետագայում` եվրոպական երկրներում, որն էլ 2009թ. հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի Ա (H1N1) վիրուսային վարակի պանդեմիա հայտարարելու հիմք հանդիսացավ: Սակայն 2010թ. օգոստոսից ԱՀԿ-ի կողմից այն դասվել է մարդկային սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ կորցրել է նախկին ագրեսիվությունը եւ պանդեմիկ ներուժը: Բայց փոքր-փոքր մասնաբաժիններով մեր օրգանիզմը ճանաչեց այդ հարուցչին, քանի որ 2009-ից մինչ օրս հարուցիչը բնության մեջ առկա է, այն շրջանառվում է բնության մեջ: Մարդը կարող է քայլել փողոցով եւ նույնիսկ գրիպով վարակվելուց հետո էլ կարող է ունենալ այդ H1N1-ը: Պետք չէ խուճապի մատնվել,  պարզապես  անհապաղ դիմե՛ք բժշկի առաջին նշաններն ի հայտ գալուն պես»: 
Խոզի գրիպը խոզերի շնչուղիների հիվանդություն է, որը հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, ինչը խոզերի շրջանում պարբերաբար գրիպի բռնկումներ է առաջացնում: Գրիպի բոլոր վիրուսների նման խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Սովորաբար մարդիկ չեն վարակվում խոզի գրիպի վիրուսներով:
Նշենք նաեւ, որ բժշկական օգնության եւ սպասարկման բոլոր կազմակերպությունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը: Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններում, շտապօգնության կայաններում,  այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, ինչը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս