2012 թվականի նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) Իջեւանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանին դատապարտել էր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) եւ նրա հանդեպ կիրառելով ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածը՝ դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: Դատախազ Վրեժ Առաքելյանը Կարինե Օթարյանի համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում, եւ Տավուշի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Կ. Օթարյանի դատավճռի դեմ:
2013 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան) մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալը վատառողջ է, տառապում է զարկերակային հիպերտոնիա 2-3-րդ աստիճանի եւ մի շարք այլ սրտանոթային հիվանդություններով: Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 30-ին վճիռ կայացնելիս ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ չէր նշել, այդ թվում՝ Կարինե Օթարյանի հիվանդությունները: Կարելի է կարծել, որ այդ հիվանդությունները կինը նոր է ձեռք բերել: Վերաքննիչ դատարանի որոշումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչ Սարգյուլ Սիրեկանյանը եւս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք էր առաջադրվել առ այն, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսն Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող, իր կողմից շահագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների: 2012թ. դեկտեմբերի 10-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը նրան դատապարտել էր երեք տարվա ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քր. օր.-ի 70-րդ հոդվածը՝ որոշել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով չորս տարի ժամկետով փորձաշրջան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ