ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՐԱՖՖՈՒ ԶՈՐԱՎԱՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Իջեւան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ բոլորի ներկայությամբ զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: 
Պատճառն այն է եղել, որ հավաքի ժամանակ մի ոստիկանական մեքենա սկսել է բարձրախոսով զգուշացնել բնակիչներին, որ հավաքն ապօրինի է, եւ վարչական տույժ կկիրառվի: Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է հայտարարությունը տարածողներին եւ նրանց ներկայությամբ զանգահարել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Ոստիկանապե՞տ: Բարե՛ւ, զորավա՛ր, ինչպե՞ս եք: Իջեւանում ենք: Մհեր Միրզոյանն ասում է, որ իր պարտականությունը կատարում է, էլի՛ այդ նույն հայտարարությունն անում է: Ես հիմա պիտի բարեւ ասեմ ժողովրդին, ուզում էի իմանալ՝ դա Ձեր հրահանգն է, թե ուրիշ տեղից է եկել»: Այս խոսքերից հետո Ր. Հովհաննիսյանը չի մանրամասնել, թե իրեն ինչ է պատասխանել ոստիկանապետը. պարզապես առաջ է քայլել:
Տեղի ունեցածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի բազմափորձ ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ:
-Պարո՛ն Նազարյան, տեղյա՞կ եք Ր. Հովհաննիսյանի եւ Վլ. Գասպարյանի հեռախոսազրույցից:
-Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, եթե ինչ-որ հարցեր են լինում, տեղում լուծվում են, առիթը բացարձակապես չի լինում երբեւիցե զանգահարելու: Ու քանի որ ես տեղյակ չեմ նրա արտագնա հանդիպումներից, ոչինչ չեմ կարող ասել: Ոստիկանապետը բոլոր քաղաքական ուժերի հետ կարող է շփվել, կարող է բոլորի հետ էլ խոսել, կարող է զանգահարել, քանի որ նա բոլորի ոստիկանապետն է:
-Դուք, լինելով երկարակյաց ոստիկան, հիշո՞ւմ եք նման դեպք, երբ ընդդիմության թեկնածուն անձամբ զանգահարել է ոստիկանապետին ու հարցեր «լուծել»:
-Ինձ համար քանի որ անսովոր է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, չգիտեմ, հենց տեղի՞ց է զանգահարել:
-Այո՛, տեղից զանգահարել է, բարեւել ու ոստիկանապետին դիմել «զորավար»: Ընդհանրապես ոստիկանության համակարգում ընդունվա՞ծ է նման ձեւով դիմել ոստիկանապետին:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Ո՛չ: Բայց Դուք կապվե՛ք լրատվականի հետ, իրենք կմեկնաբանեն: Այնպիսի արտասովոր բան է, որ ես չեմ կարող պատասխանել:
-Ի վերջո, ինչո՞ւ է ոստիկանությունը խոչընդոտում Ր. Հովհաննիսյանին հանրահավաքներ անցկացնել, որոնք խաղաղ բնույթ են կրում:
-Չի խոչընդոտվում, պետք է սովորել հանրահավաքներ անցկացնելու կուլտուրան, նախապես պետք է դիմել: Երեւանում դիմել է, որեւէ խնդիր չկա, հիմա ցուցակն էլ առջեւումս դրված է: Այն հանրահավաքները, որոնց համար ինքը դիմել է, ու քաղաքապետարանն էլ թույլտվություն է տվել, նորմալ ու օրինական է. ոչ մի խոչընդոտ չի լինում: Բայց դա չպետք է դարձնել սովորություն, որ ամեն մի քաղաք, ամեն մի վայր կարելի է դարձնել հանրահավաքի վայր: Կարող են օրինական դիմել, ու ոչ մի տեղ չի մերժվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս