Երեկ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 36 հասցեում ինքնասպանություն է գործել երկու երեխաների հայր 57-ամյա Ազատ Հայրապետյանը: Վերջինիս ընկերների խոսքով՝ երկու օր առաջ Ազատը նրանց ասել է, թե ցանկանում է Ռուսաստան մեկնել:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ազատ Հայրապետյանի մտերիմ ընկերոջ՝ Մարտուն Աղաբաբյանի հետ: Նրա խոսքով` ինքը դեպքի մասին տեղեկացել է առավոտյան աշխատանքի գնալիս: «Ընտանիքն ապրում էր նորմալ սոցիալական պայմաններում, ինքը Վանաձորի 17-րդ ավագ դպրոցում ռազմագիտության ուսուցիչ էր ու շատ կրթված մարդ էր»,-ասաց նա:
Տեղեկացանք, որ Ազատ Հայրապետյանի կինը 4 տարի առաջ մահացել էր, եւ նա ապրում էր իր տղայի հետ: «Տղան բռնցքամարտիկ է, Եվրոպայի չեմպիոն է եղել, իսկ աղջիկն էլ ամիսներ առաջ էր ամուսնացել ու գնացել Ռուսաստան»,-պատմեց Աղաբաբյանը:
Վերջին անգամ Մարտունն Ազատ Հայրապետյանին հանդիպել է դեպքից երկու օր առաջ. «Շատ նորմալ տրամադրություն ուներ եւ նույնիսի ինձ ասաց, թե Մարտո՛ւն ջան, ուզում եմ գնալ Ռուսաստան, տեսնեմ՝ ոնց կստացվի»:
Ազատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Գրում եմ այս տողերը, որ իմանաք. ես հանցագործ չեմ եւ գող չեմ, բայց չգիտեմ, թե ինչու ինձնով հետաքրքրվում են, ես սիրել եմ մի կնոջ, որի համար ես գժվում էի, մենք ուղիղ երկու տարի իրար սիրում էինք, բայց նա ինձ թողեց»: Երկտողում գրվածի հետ կապված՝ Մարտունը նշեց. «Մեզ համար էլ մութ մնաց, թե ինչի նա գնաց այս քայլին կամ ինչ հանցագործության մասին է խոսքը: Ես անկեղծ եմ Ձեզ ասում, որ նա իսկապես շատ նորմալ մարդ էր, ու թե ինչ հանցագործ լինելու մասին է խոսքը, մեզ համար, կրկնում եմ, մութ է»:
Զրուցեցինք նաեւ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի տնօրեն Թամարա Սաղաթելյանի հետ: Վերջինս պատմեց, որ Ազատը երկու օր առաջ սիրտը բռնած եկել էր դպրոց եւ դիմում գրել` նշելով, թե առողջական խնդիր ունի եւ ցանկանում է գնալ Երեւան՝ բուժզննման: «Գիտեք, նա նաեւ մարզիչ էր եւ ասաց, որ կարող է մարզելու ժամանակ մի տեղ խփել է ու դրանից է ցավում, եւ բացի այդ, իրեն այդքան էլ լավ չի զգում: Դիմումը գրեց ու գնաց: Երեկ չէ առաջին օրը զանգահարեցի ու տղային հարցրեցի, թե ինչպես է զգում իրեն հայրդ, նա էլ ինձ ասաց, թե անկողնային պառկած է, դեռ հիվանդանոց չի գնացել, բայց վաղը կգնա»,-տխուր ձայնով պատմեց դպրոցի տնօրենը` հավելելով, թե հաջորդ առավոտյան ինքը դպրոցի աշակերտներից է իմացել, որ Ազատը ինքնասպան է եղել:
«Ողջ կոլեկտիվը ցնցված է: Գիտեք, նա ասում էր, որ ցանկանում է գնալ Ռուսաստան: Չգիտեմ՝ ինքնասպանություն գործում են ուժեղ, թե թույլ մարդիկ, բայց նա թույլ եւ շատ հանգիստ բնավորության տեր մարդ էր»,-խորը հոգոց հանելով` նշեց Թ. Սաղաթելյանը:
Տնօրենի ենթադրությամբ` միգուցե Ազատ Հայրապետյանն ինքնասպանություն է գործել իր մայրիկի ամառանոցում. «Նա պատմում էր մեզ, որ իր մայրիկը մենակ է ապրում, ու ձմռանը միշտ իր մայրիկին տանում էր իր բնակարան, որ մայրը ձմռան ցրտին մենակ չմնա»:
Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձեռագրաբանական: Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ