Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած մի քաղաքացի պատմեց, որ դիմել է «Ռոսգոսստրախ Արմենիա» եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններ` «Կասկո» ապահովագրատեսակից օգտվելու նպատակով, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, որ մեքենայի տարեթիվը հին է: Նշենք, որ տվյալ քաղաքացու մեքենան 1992թ. արտադրության է: «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության զանգերի կենտրոնի ղեկավար Ռոզա Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Կասկո»-ն կամավոր բնույթ է կրում եւ օրենքով պարտադիր ապահովագրատեսակներին չի պատկանում:
«Յուրաքանչյուր ընկերություն կարող է ընտրել` անել այդ տեսակի ապահովագրությունը, թե ոչ: Հիմա մեր ընկերությունն ուղղակի «Կասկո»-ի հետ կապված վերանայում է մեր պայմանագրերի բովանդակությունը եւ պայմանները, այդ պատճառով էլ ժամանակավորապես դադարեցրել ենք այդ տեսակի պայմանագրերի կնքումը: Այն դադարեցված է ընկերությունում: Պետք է բոլոր կանոններն ու պայմանները վերանայվեն եւ փոխարինվեն նորերով»,-լրացրեց Ռոզա Պետրոսյանը:
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու են մեզ ահազանգած քաղաքացուն մերժել` պատճառաբանելով, որ մեքենայի տարեթիվը հին է: «Մեքենայի տարեթիվն այս պարագայում պատճառ չի կարող լինել, քանի որ ցանկացած տարեթվի արտադրված մեքենաների մասով «Կասկո» տեսակի ապահովագրությունը կամավոր է արվում: Ամեն դեպքում, մերժումը ոչ թե մեքենայի տարեթվից է կախված, այլ «Կասկո» ապահովագրությունն ընդհանրապես մեր ընկերությունում ժամանակավորապես դադարեցված է: Իսկ թե երբ կսկսվի այդ գործընթացը, չեմ կարող հստակ ասել»,-ներկայացրեց Ռ. Պետրոսյանը:
Իսկ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովայի խոսքով՝ ցանկացած իր, այդ թվում նաեւ ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: «Ընդ որում, հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել 80 տոկոսը, եւ ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոսը: Այդ սահմանափակումը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում: Օրինակ` Ռուսաստանում այն կազմում է 7-10 տարեկան: Հաշվի առնելով մեր հանրապետության ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները՝ ապահովագրական ընկերությունում սահմանվել է 15 տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում»,-պարզաբանեց Է. Մոժարովան:
Նրա կարծիքով՝ հաճախորդի համար նպատակահարմար չէ հին մեքենան ապահովագրել. «Ըստ երեւույթին, դա է եղել պատճառը, որ մերժել են հաճախորդին: Կամ նա այդ պահին այնքան խառն է եղել, որ հավանաբար չի հասկացել, թե ինչն է եղել մերժման պատճառը»: Նաեւ տեղեկացրեց, որ հին տարեթվի մեքենայի մաշվածությունը բավական մեծ գումար է կազմում, այդ պատճառով էլ մեքենան վերանորոգելու ժամանակ դժվար թե ընկերությունը կամ հաճախորդը կարողանա շուկայում այդպիսի հնության մաս գտնել:
Տեղեկացնենք, որ «Կասկո» պայմանագրով նախատեսված են հետեւյալ ռիսկերը` գողություն, հրդեհ եւ ֆիզիկական վնաս: Եթե «ԱՊՊԱ» պայմանագրով հատուցվում են պատահարի հետեւանքով միայն տուժած կողմին պատճառված վնասները, ապա «Կասկո» պայմանագիր ունենալու դեպքում հատուցվում են նաեւ մեղավոր կողմին հասցված վնասները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ