ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ` բացի ձվից, հնարավոր է՝ 100 դրամով թանկանա նաեւ ձուկը: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի գործադիր նախագահ Արթուր Աթայանը: Ըստ նրա` պատճառը ձկնաբուծական տնտեսությունների ծանր ֆինանսական վիճակն է, ինչի արդյունքում 2012թ.-ին շուրջ 57 ձկնաբուծական տնտեսություններ փակվեցին: Իսկ գործող ձկնաբուծարանների մի մասը բավական մեծ ֆինանսական պարտավորություններ ունի բանկերի հանդեպ: Ա. Աթայանի խոսքով՝  2011թ. ձկան 1 կգ-ի մեծածախ միջին գինը կազմել է 1500 դրամ, 2012թ. իջել է մինչեւ 1150 դրամ, իսկ ներկայում այն արժե 1450 դրամ: Նրա համոզմամբ՝ թանկացման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ մանրածախ ցանցերը, որովհետեւ  խանութներն ավելի մեծ շահութաբերությամբ են աշխատում, քան ձուկ արտադրողները: 
Հիշեցնենք, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ` հանրապետությունում ձվի պահանջարկի ավելացման հետեւանքով նկատվել էր նաեւ ձվի թանկացում: Ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ էր արձանագրել նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը: «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10-հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի ֆաբրիկա»-ի xxl տեսակի ձուն՝ նախկին 64-ի փոխարեն 66 դրամով, ԵԹՖ-ի 30-հատանոց տուփով ձուն` 1860-ի փոխարեն 1920 դրամով,  իսկ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ: 
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս