Ինձ համար տհաճ անակնկալ էր. Էլինար Վարդանյանը՝ ԲՀԿ որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ լրագրողներ, հասկանալով, որ այսօրվա ԲՀԿ խմբակցության որոշման հրապարակումից հետո ինձնից մեկնաբանություններ են ակնկալվում, ուզում եմ իմ արձագանքը ամփոփել մի քանի կետերով.

Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ և «Ժառանգության» իմ գործընկերների հետ:

Միջազգային պատվիրակություններում աշխատանքը ծանր և պատասխանատու գործ է, և եթե իմ գործընկերներից որևէ մեկը կարողանա ավելի լավ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, բայց, կրկնում եմ, պետության շահերը, ես միայն ուրախ կլինեմ:

Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ:

Ուզում եմ նաև ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ. Ընտրական օրենգիրքն այլ լուծում պարզապես չի նախատեսում, և խմբակցության մոտեցումները և շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաև կուսակցության անդամ եմ, և չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որևէ շարքային ԲՀԿ-ականի շահերը, կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով:

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:




Լրահոս