ՀԱՐՑ. Մշտապես օգտվում եմ 7/ա համարի երթուղուց ու հաճախ մինչեւ 40 րոպե կանգառում եմ մնում: Խնդրում եմ պարզաբանել, թե մինչեւ երբ է շարունակվելու այս վիճակը, եւ ինչու է երթուղին սպասարկող ընկերությունն այսքան վատ աշխատում:
Անուշիկ Խաչատրյան (23 տարեկան, բանասեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Խաչատրյանի հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ թիվ 7 ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղին առաջիկայում փոխարինվելու է ավտոբուսային երթուղով, որով զգալիորեն կբարելավվեն կազմակերպվող ուղեւորափոխադրման աշխատանքները: Երթուղում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փոխադրումներ իրականացնող ընկերության կողմից վերջին ժամանակաշրջանում հավաքակայանը նոր տրանսպորտային միջոցներով չի համալրվել, որով տեղիք է տրվել հին շարժակազմի հաճախակի տեխնիկական անսարքությունների: Այդ իսկ պատճառով երթուղին սպասարկվել է նախատեսված շարժակազմի քանակությունից պակաս շարժակազմով՝ նպաստելով տրանսպորտային միջոցների հաճախականության նվազեցմանը: Երթուղում ուղեւորափոխադրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար զգուշացվել է փոխադրող ընկերությանը՝ մինչեւ երթուղին ավտոբուսային փոխադրվելու ամբողջ ժամանակամիջոցում սպասարկումներն իրականացնել նախատեսված շարժակազմի քանակությամբ եւ երթուղու չվացուցակին համապատասխան:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնարարվել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ին երթուղում կազմակերպվող տրանսպորտային աշխատանքները վերցնել հսկողության տակ եւ չվացուցակի խախտման դեպքում կիրառել համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից հարց է ծագում. փաստորեն, երթուղայինների թիվը պակասել է երթուղում եղած մեքենաների՝ մինչեւ վերջ շարքից դուրս գալու պատճառով: Ասել է թե՝ այս պահին 40 րոպե միջակայքով ժամանող հնամաշ միկրոավտոբուսներն ամեն րոպե կարող են շարքից դուրս գալ` դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ: