Ինչպես ArmLur.am-ին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, 2015թ սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ.Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։
Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը, որտեղ կատարվել են հղիության ընթացքի ստուգումներ: Օգոստոսին կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվել է և գտնվում է հետույքային առաջադիմության դիրքում, սակայն պտղի զարգացումը եղել է նորմալ, և բժիշկը որոշել է ծնունդն ընդունել կեսարյան հատումով:
2015թ. սեպտեմբերի 15-ին կնոջ մոտ ցավեր են սկսվել: Բժիշկը, տեղեկանալով այդ մասին, որոշել է նույն օրը՝ ժամը 22-ին, կատարել կեսարյան հատում, սակայն սկսվել են ծննդաբերության բնական ցավեր: Արդյունքում կեսարյան հատում չի կատարվել, որի հետևանքով պտուղը ծնվել է մահացած:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: