ՃՈ աշխատակցի ամուսնու վրաերթից մահացածի հարազատները սպառնում են վրեժ լուծել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Ազատության պողոտայի եւ Ադոնցի փողոցի խաչմերուկում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկի ամուսինը՝ Երեւան քաղաքի բնակիչ Վահագն Աբրահամյանը, վրաերթի էր ենթարկել Կոմիտասի 48 ա շենքի բնակիչ, 41-ամյա Արթուր Բանդուանյանին: Ողբերգությունից հետո Արթուրի ծնողները չեն պատրաստվում լռել, եւ ինչ գնով էլ լինի՝ վրեժ են լուծելու:
Եվ այսպես, դեպքը տեղի էր ունեցել ժամը 01:40-ի սահմաններում: Երեւանի բնակիչ, 28-ամյա Վահագն Աբրահամյանը իր վարած Mazda մակնիշի 34 ZM 397 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտ, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Բանդուանյանին, որը տեղում մահացել էր: Ավելին՝ ըստ հրապարակված տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ մեղայականով ներկայացել էր ոստիկանության Արաբկիրի բաժին:

Արդյունքում, Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր. 242 հոդվածի 2-րդ մասի` ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, հատկանիշներով:

Դեպքից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել էին գարեջրի շշեր, իսկ վարորդը գտնվել էր ոչ սթափ վիճակում: Ու սա էլ դեռ քիչ չէ, պարզվել էր, որ 41-ամյա տղամարդուն վթարի ենթարկած Վահագը չէր ունեցել վարորդական իրավունք: Ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրահամյանը դեպքի օրը ղեկին է եղել կնոջ վարորդական իրավունքով:

Տեղի ունեցած ողբերգությունից անցել է շուրջ մեկ շաբաթ, եւ մահացած Արթուրի ծնողներն իրենց միակ զավակին կյանքից զրկած վարորդին չեն պատրաստվում թողնել անպատիժ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած Արթուրի մայրը՝ Կարինեն, պատմեց, որ որդին մասնագիտությամբ տնտեսագետ էր եւ վերջին ժամանակներում շինարարական գործունեությամբ էր զբաղված. «Սեպտեմբերի 29-ին որդուս ընկերը եկավ մեր տուն, իրեր կար, վերցրեց, որից հետո տղայիս հետ դուրս եկան: Տղաս ասաց՝ գնամ ծխախոտ գնելու: Հարցրեցի՝ ուշ կգա՞ս, պատասխանեց, թե մի քանի ժամից: Այդ օրը զարմանալի կերպով տղաս ձեռքերս համբուրեց: Շատ զարմացա՝ ասեցի՝ ինչ ես տենց անում, բա, մամ ջա՛ն, դու լավ մամա ես: Ինչ ասեմ, ժամը 10-ն է, չկա, 11-ն է, չկա, ուշանում է: Մի քիչ էլ անցավ, դե, ամուսնացած տղա չէր, ասեցի՝ մի քիչ էլ անցնի, զագեմ: Ժամը 1-ի կողմերը զանգահարեցի, հեռախոսն անջատած էր: Զանգեցի ընկերոջը, ասեցի, թե Ալիկ, Արթուրը չկա, չի եկել, ասեց՝ ոնց չի եկել: Ամուսինս՝ Էդիկը, ասաց, դե, երեխա չի, ինչի էս փեշից կախվել, բայց սիրտս մի բան կանխազգում էր, ասեցի՝ մի բան այն չի, նա կզանգեր, կասեր, թե մի՛ անհանգստացի, կգամ»:
Ըստ մեր զրուցակցի՝ տեսնելով, որ այլ ելք չկա, ինքը դիմել է ոստիկանություն. «Ներկայացրեցի իրավիճակը: Ինձ ոստիկանությունում հարցրեցին՝ Ձեր որդին զարդեր կրո՞ւմ է, այդտեղ գլխի ընկա, որ մի բան այն չէ: Որդիս խուլիգան չի եղել, անխելք բաներ չէր անի, նրա հետ դժբախտ պատահար է եղել, զգում էի: Մի պահ էլ մտքովս անցավ՝ մեր համայնքում գիշերային ակումբ կա, միգուցե այնտեղ լինի: Ինչ ասեմ, մեզ ոստիկանությունում մերկացրին, որ տեսնեն, թե մարմնիս վրա ինչ հետքեր կան: Երեւի ուզում էին հասկանալ՝ վեճ չի՞ եղել մեր մեջ: Ավելի ուշ իմացա, որ ոստիկանները տարել են որդուս ընկերոջը՝ Ալիկին, ցույց են տվել որդուս դիակը, նա ճանաչել է: Եվ մենք էլ ավելի ուշ իմացանք, որ որդիս ավտովթարի զոհ է դարձել: Նախատեսված վայրից անցնելուց է եղել, իսկ վարորդը 120 աստիճան արագությամբ օդ է շպրտել որդուս, միակ որդիս էր, զավակներ չունեմ…»:

Ըստ տիկին Կարինեի՝ իրենց հայտնել են, որ որդուն վթարի ենթարկած վարորդ Վահագն Աբրահամյանը առաջին անգամ չի հայտնվում ավտովթարի մեջ. «Այդ վարորդի կողմից 5 այլ պատահարներ եւս եղել են: Բոլոր դեպքերում վարորդը գումար է տվել ու գործը փակել, գնացել է, բայց այս դեպքը մահացու դեպք էր: Մենք տեղեկացել ենք, որ որդուս վրաերթի ենթարկած վարորդի կինն աշխատում է ճանապարհային ոստիկանությունում, անունը Լիլիթ է: Ավելին՝ վարորդը դեպքի օրը եղել է ոչ սթափ վիճակում ու իր ոստիկան կնոջ վարորդական իրավունքով»:
Իհարկե, վարորդի հարազատները տարբեր մարդկանց միջոցով հայտնել են, որ պատրաստ են հոգալ որդու մահվան ծախսերը. «Այս խոսքերը ինձ փոխանցեց քրոջս աղջիկը, ավելին՝ հայտնել էին, թե վարորդը անչափահաս երեխա ունի, հայրը նոր է մահացել: Ես էլ պատասխանեցի, թե պատրաստ եմ իրենց գումար տալ, մենակ թե իմ միակ որդին կենդանանա: Ինձ ինչ հետաքրքիր է, թե նա փոքր երեխա ունի, ոչ մի ներում չկա, այդպես էլ փոխանցեցի: Եթե մինչ այս վարորդը պատասխանատվության ենթարկված լիներ, ապա իմ որդու հետ այդ դժբախտ դեպքը չէր լինի: Ավելի ցավալին այն է, որ նման դեպքերում մահացածի հարազատներին գալիս, տեսնում են, ներողություն են խնդրում, բայց մեզ որեւէ մեկը չեկավ եւ անգամ ցավակցություն չհայտնեց: Ամուսինս կռվի մասնակից է եղել, որդիս էլ, միթե այդքան հեշտ է մարդ սպանել ու այսպես անպատիժ մնալ»:
Արթուրի հայրը՝ Էդիկ Բանդուանյանը, հայտնեց, որ ինքը եւս չի պատրաստվում լռել եւ իր վրեժը, ինչ գնով էլ լինի, լուծելու է:

Մանրամասները ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս