Մայիսի 5-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները: “Ժողովուրդ”-ը զրուցել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ովքեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին:
“Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Պարո՛ն Աբրահամյան, Ձեր կուսակցությունն արդեն որոշում ունի՞ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է հարցի վերաբերյալ:
-Անկեղծ ասած՝ դեռեւս պաշտոնական քննարկում չի եղել, ուղղակի ընդհանուր զրույցներ են եղել՝ մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Կարծիքներ են հնչել, սակայն վերջնական որոշում չենք կայացրել:
-Իսկ այդ մասնավոր զրույցներից ի՞նչ կարելի է եզրակացնել:
-Նախ պետք է գնահատական տալ, թե որ ուղղությունն է ճիշտ:
-Ի՞նչն է չմասնակցելու պատճառը: ՀՀ նախագահի ընտրություննե՞րը, որոնք աչքի ընկան ընտրախախտումներով եւ ընտրակեղծիքներով:
-Իմ անձնական կարծիքը պետք է հնչեցնեմ տվյալ պարագայում. այս ընտրություններով իշխանություն ձեւավորելն անիմաստ զբաղմունք եմ համարում: Այդ ընտրակեղծիքների ամբողջ համակարգը, ,ի պատիվե իշխանությունների, այնպես է հաջողվել կատարելագործել, որ կատարելության են հասցրել: Անգամ սատանան չի կարող գլուխ հանել: Բայց ժողովուրդը փոփոխություն է ուզում, ժողովուրդը սեփական արժանապատվության խնդիրն է ուզում ամեն ինչում տեսնել: Այնպես որ, մենք այդ հարցին շատ լուրջ կանդրադառնանք, որոշ ժամանակ հետո այդ մասին կբարձրաձայնենք: Ուղղակի այս ամենը մարսել է պետք ու այդ որոշումը կայացնել:
-ՀՀԿ-ն արդեն որոշել է, որ իրենց ցուցակը գլխավորելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քանի որ, ըստ ՀՀԿ-ականների, Մարգարյանը փորձառու է, սիրված է երեւանցիների կողմից: Դուք համակարծի՞ք եք:
-Ես մի անգամ ասել եմ, որ սերը քաղաքական կատեգորիա չէ, երբեմն մեկին սիրում են, մյուսին՝ տրվում:
“Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆ
-Պարո՛ն Գիմիշյան, Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
-Առանձին դժվար թե, այլ կուսակցությունների հետ հնարավոր է: Լուրջ գործ է, չպետք է այս ամենին անլուրջ վերաբերվել, մենք գտնում ենք, որ այդ ընտրությունները պետք է նպաստեն, որ էլ ավելի խոշոր քաղաքական միավորումներ ստեղծեն, ավելի լայն համագործակցության եզրեր գտնվեն:
-Ըստ ՀՀԿ-ականների՝ Երեւանի այժմյան քաղաքապետը փորձառու է, գիտի քաղաքի խնդիրները եւ սիրված է երեւանցիների կողմից, դրա համար էլ կրկին գլխավորելու է ՀՀԿ-ի ընտրացուցակը: Ըստ Ձեզ՝ արժե՞ պայքարել Տ. Մարգարյանի”դեմ”. նա “անհաղթ” թեկնածու է մատուցվում:
-Ո՞ւմ կողմից է սիրված, հանրապետակա՞ն չէ, եթե հանրապետական է, ո՞նց կարող է սիրված լինել: Հնարավոր է՝ իր երեխաները, ընտանիքը, բարեկամները սիրում են որպես անհատ, ես այդ առումով բացարձակապես բան չեմ կարող ասել: Բայց որպես քաղաքականացված դեմք, որը ՀՀԿ-ական է, չի կարող սիրված լինել: Իսկ ինչի՞ համար պետք է սիրված լինի, ի՞նչ է, Երեւանն այդքան փայլո՞ւն է: Դե ես կարծում եմ, որ դրանք ընդամենը երազանքներ են: Եթե երեւանցիների կողմից Հանրապետականը սիրված լիներ, ապա նախագահական ընտրությունները շատ ավելի այլ պատկեր կունենային: Նա այն նույն թիմից է, որն իրագործվել է այդ խախտումները, իշխանության զավթումը, մարտի 1-ը եւ այլն: Եթե ինքն այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ուրեմն այդ ամենից տեղյակ է:
“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ
-Պարո՛ն Մակեյան, Դուք որոշում ունե՞ք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
-Այս պահի դրությամբ որոշում չկա, կա երկու խնդիր. մեկ՝ որպես քաղաքական ուժ քաղաքական գործընթացներին պետք է անպայման մասնակցենք, իսկ երկրորդն էլ՝ ՀՀ-ում ընտրական համակարգը հիմնված է նկարչության վրա, ինչպես ցույց տվեցին բոլոր ընտրությունները: Այս պահին մեզ մոտ քննարկման փուլում է այդ հարցը, դեռեւս վերջնական եզրահանգման չենք եկել:
-Եթե ընդդիմությունը համախմբվի եւ ունենա իր ընտրացուցակը, հնարավո՞ր է՝ Ձեր կուսակցությունը եւս միանա:
-Այնտեղ, որտեղ կոնսոլիդացիա կա, մենք աջակցում ենք՝ առանց որեւէ ամբիցիայի, առանց որեւէ պայմանների: Կարծում եմ՝ այս անգամ էլ մեր կողմից նման բան կլինի:
“Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
-Պարո՛ն Գեղամյան, Ձեր ղեկավարած կուսակցությունն ի՞նչ է որոշել, հնարավո՞ր է՝ մասնակցեք Երեւանի ավագանու ընտրություններին ձեր առանձին ցուցակով:
-Անուղղակիորեն այո՛: Հաջողությո՛ւն Ձեզ, ցտեսություն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 494 համար