Պարույր Հայրիկյանը վերջնագիր-ուղերձ է փոխանցել ՀՀ նախագահին և նամակ-պահանջ` գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր վերջնագիր-ուղերձ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով հանրաքվեի չդնել խորհրդարանի հավանությանն արժանացած սահմանադրական փոփոխությունները: Նա նաև դիմում է հանձնել Գլխավոր դատախազին, որով պահանջում է քրեական գործ հարուցել հենց ինքն իր նկատմամբ:

Նշենք, որ ԱԻՄ առաջնորդը նախկինում մի քանի անգամ Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով դիմում էր ներկայացրել, սակայն այդպես էլ ոչ մի արձագանք չէր եղել: Մեր դիտարկմանը` այսքանից հետո ինչ հույսով է կրկին պահանջ ներկայացնում Սերժ Սարգսյանին, Հայրիկյանը նշեց` չնայած արձագանք չի եղել, բայց այն, որ այդ պահանջի մասին հիշողներ կան, նշանակում է, որ ինքն իր նպատակին հասել է:

«Այսօրվանը շատ կարևոր հարց է և մենք դա պետք է փաստեինք, դա պետք է վավերագրվեր: Մենք մեր գործն ենք անում և այդ գործն ընթացք ունի: Ինչ վերաբերում է դատախազին տվածը, առաջին անգամ ենք այդպիսի բան անում և երևի մարդկության պատմության մեջ նույնպես այդպիսի բան քիչ կլինի, երբ դիմում ենք դատախազին, որ ինքն իր նկատմամբ քրեական գործ հարուցի», – նշեց նա:

Հայրիկյանը հայտնեց, որ իրենց հետագա քայլերն ունեն, և իրենց նպատակը` Հայաստանն աշխարհի առաջին բացարձակ ժողովրդավար երկիր դարձնելն է:




Լրահոս