ԿԱՍԿՈ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է 15 ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ “Ժողովուրդ” օրաթերթին դիմած մի քաղաքացի պատմեց, որ  դիմել է “Ռոսգոսստրախ Արմենիա” եւ “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերություններ`  “Կասկո” ապահովագրատեսակից օգտվելու նպատակով, սակայն նրան մերժել են` պատճառաբանելով, որ մեքենայի տարեթիվը հին է: Նշենք, որ տվյալ քաղաքացու մեքենան 1992թ. արտադրության է: “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերության զանգերի կենտրոնի ղեկավար Ռոզա Պետրոսյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ “Կասկո”-ն կամավոր բնույթ է կրում եւ օրենքով պարտադիր ապահովագրատեսակներին չի պատկանում:
“Յուրաքանչյուր ընկերություն կարող է ընտրել` անել այդ տեսակի ապահովագրությունը, թե ոչ: Հիմա մեր ընկերությունն ուղղակի ,Կասկոե-ի հետ կապված վերանայում է մեր պայմանագրերի բովանդակությունը եւ պայմանները, այդ պատճառով էլ ժամանակավորապես դադարեցրել ենք այդ տեսակի պայմանագրերի կնքումը: Այն  դադարեցված է ընկերությունում: Պետք է բոլոր կանոններն ու պայմանները վերանայվեն եւ փոխարինվեն նորերով”,-լրացրեց Ռոզա Պետրոսյանը: 
Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու են մեզ ահազանգած քաղաքացուն մերժել` պատճառաբանելով, որ մեքենայի տարեթիվը հին է: “Մեքենայի տարեթիվն այս պարագայում պատճառ չի կարող լինել, քանի որ ցանկացած տարեթվի արտադրված մեքենաների մասով “Կասկո” տեսակի ապահովագրությունը կամավոր է արվում: Ամեն դեպքում, մերժումը ոչ թե մեքենայի տարեթվից է կախված, այլ “Կասկո” ապահովագրությունն ընդհանրապես մեր ընկերությունում ժամանակավորապես դադարեցված է: Իսկ թե երբ կսկսվի այդ գործընթացը, չեմ կարող հստակ ասել”,-ներկայացրեց Ռ. Պետրոսյանը:
Իսկ “Ռոսգոսստրախ Արմենիա” ապահովագրական ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովայի խոսքով՝ ցանկացած իր, այդ թվում նաեւ ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: “Ընդ որում, հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել 80 տոկոսը, եւ ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոսը: Այդ սահմանափակումը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում: Օրինակ` Ռուսաստանում այն կազմում է 7-10 տարեկան: Հաշվի առնելով մեր հանրապետության ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները՝ ապահովագրական ընկերությունում սահմանվել է 15 տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում”,-պարզաբանեց Է. Մոժարովան:
Նրա կարծիքով՝ հաճախորդի համար նպատակահարմար չէ հին մեքենան ապահովագրել. “Ըստ երեւույթին, դա է եղել պատճառը, որ մերժել են հաճախորդին: Կամ նա այդ պահին այնքան խառն է եղել, որ  հավանաբար չի հասկացել, թե ինչն է եղել մերժման պատճառըե: Նաեւ տեղեկացրեց, որ հին տարեթվի մեքենայի մաշվածությունը բավական մեծ գումար է կազմում, այդ պատճառով էլ մեքենան վերանորոգելու ժամանակ դժվար թե ընկերությունը կամ հաճախորդը կարողանա շուկայում այդպիսի հնության մաս գտնել: 
Տեղեկացնենք, որ “Կասկո” պայմանագրով նախատեսված են հետեւյալ ռիսկերը` գողություն, հրդեհ եւ ֆիզիկական վնաս: Եթե “ԱՊՊԱ” պայմանագրով հատուցվում են պատահարի հետեւանքով միայն տուժած կողմին պատճառված վնասները, ապա “Կասկո” պայմանագիր ունենալու դեպքում հատուցվում են նաեւ մեղավոր կողմին հասցված վնասները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 494 համար




Լրահոս