ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ընդունում է այն փաստը, որ ոչ միայն այս տարի, այլ նաեւ եկող տարի իրական տնտեսական աճ չի լինի: Հենց այսպիսին է այն եզրակացությունը, որին հանգում ենք 2016 թվականի պետական բյուջեի նախագծի հետ ծանոթանալուց հետո:

Բանն այն է, որ եկող տարվա բյուջեով` վերջին հինգ տարիների համար առաջին անգամ, նախորդ տարվա համեմատ, պետական բյուջեի մուտքերի ոչ թե ավելացում, այլ անկում է նախատեսվում: Այսինքն՝ 2011-ի պետական բյուջեն ավելին է եղել, քան 2010-ինը, 2012-ինը` քան 2011-ինը եւ այսպես շարունակ: Բյուջեի «անկում» արձանագրվել է միայն 2010 թվականին` 2009-ի համեմատ: Այդ նվազումը պայմանավորված էր 2009-ի տնտեսական ճգնաժամով, որի գոյությունը նախկին Կառավարությունը` Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, երկար ժամանակ չէր ցանկանում ընդունել, բայց գործադիրն, ի վերջո, ստիպված էր առկա իրողությունն ընդունել, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետբյուջեի զգալի կրճատման` մոտ 200 միլիարդ դրամի չափով: Այս անգամ 2016-ի պետբյուջեի եկամտային մասը 2015-ի համեմատ կրճատվել է ընդամենը 8 միլիարդ դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ պետբյուջեի ծախսային մասը ոչ միայն չի նվազել, այլեւ դեռ մի բան էլ կտրուկ ավելացել է` մոտ 70 միլիարդ դրամով: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունը չնայած գործնականում ընդունում է, որ տնտեսությունը ճգնաժամի մեջ է գտնվում, բայց միեւնույն ժամանակ չի պատրաստվում պետական ծախսերը կրճատել:
Այս «համառության» արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը հասել է 190 միլիարդ դրամի` 2015-ի 114 միլիարդի դիմաց: Ի դեպ, ընթացիկ տարվա պետբյուջեի դեֆիցիտի մոտ 90 տոկոսը Կառավարությունը ծրագրել էր ֆինանսավորել ներքին եւ միայն 10 տոկոսը` արտաքին աղբյուրներից: 2016 թվականի բյուջեի դեպքում պատկերը լրիվ հակառակն է: ՀՀ Կառավարությունը պետբյուջեի դեֆիցիտի միայն մոտ 40 տոկոսն է ծրագրում ներքին աղբյուրներից ֆինանսավորել: Դեֆիցիտի հիմնական մասը նախատեսվում է ֆինանսավորել արտաքին աղբյուրներից: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունը արդեն իսկ պլանավորել է, որ Հայաստանի պետական արտաքին պարքը եկող տարի եւս ավելանալու է, առնվազն 120 միլիարդ դրամի, կամ նույն է թե՝ մոտ 250 միլիոն դոլարի չափով:
Ինչեւէ, ամենաուշագրավն այն է, որ ՀՀ Կառավարությունը մի կողմից գիտակցում է, որ եկող տարին ավելի ծանր է լինելու, քան այս՝ 2015 թվականը, բայց միեւնույն ժամանակ 2,2 տոկոս տնտեսական աճ են նախատեսում: Այս մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Եթե այս տարվա՝ մինչ օրս հրապարակված վիճակագրական տվյալները իրականությանը համապատասխանում են, եւ 4 տոկոս տնտեսական աճն իսկապես գոյություն ունի, ապա ստացվում է, որ այսօրվա տնտեսության վիճակն ավելի լավ վիճակում է, քան անցած տարի: Իհարկե, իրականությունն այդպես չէ, բայց քանի որ այս՝ 2015-ի պետական բյուջեն նախորդ՝ 2014-ից ավել է, ուստի այս դեպքում աճ «նկարելու» մղումն ինչ-որ տեղ հասկանալի է: Բայց 2016-ի պետբյուջեն, ինչպես արդեն նշեցինք, այս տարվանից փոքր է լինելու: Այսինքն՝ Կառավարությունն արդեն իսկ գիտի, որ եկող տարի ավելի քիչ հարկեր եւ տուրքեր է հավաքագրելու, քան այս տարի: Բայց եթե հարկեր եւ տուրքերը նվազելու են, ապա նշանակում է, որ ընդհանուր տնտեսությունը եւս անկում է ապրելու: Ի վերջո, եթե ասում ենք, որ ՀՀ Կառավարությունը 2,2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում, ապա ստացվում է, որ ըստ գործադիրի՝ եկող տարի Հայաստանի համախառը ներքին արդյունքը, այն է՝ մեր բոլորի կողմից արտադրած բարիքները, կանխատեսվող աճի թվի չափով ավելին պետք է լինի, քան այս տարի մեր ընդհանուրի ստեղծածը: Եթե եկող տարի մենք ավելի շատ բարիք ենք ստեղծելու, հետեւաբար ավելի շատ էլ հարկ կվճարենք: Բայց, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Կառավարությունն արդեն իսկ կանխատեսում է, որ հարկեր եւ տուրքերից ստացվող եկամուտները եկող տարի ավելի քիչ են լինելու, քան այս` 2015 թվականին:
Մի խոսքով, ՀՀ Կառավարությունը մի կողմից փորձում է իրականության հետ հաշվի նստել եւ որոշակի նվազեցնում է եկող տարվա պետբյուջեն, բայց մյուս կողմից էլ փորձում են ձեւացնել, թե իբր արտառոց ոչինչ տեղի չի ունեցել եւ չի ունենում, տնտեսությունն ինչպես «աճել» է, այնպես էլ «կաճի»: Այսինքն՝ ինչպես միշտ Կառավարությունը շարունակում է առաջնորդվել գլուխն ավազի մեջ թաղելու գործելաոճով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԾԱՓԱՀԱՐԵԼ ԵՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում նախօրեին ընդունվել է Ստեֆան Շեննախի «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջընթացը» վերտառությամբ բանաձեւը: Այնտեղ ներկայացված են մոնիտորինգի տակ գտնվող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 2014 եւ 2015 թվականներին իրականացված մոնիտորինգի արդյունքները: Այստեղ անդրադարձ է կատարվում ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխություններին: Մասնավորապես կոչ է արվում ՀՀ իշխանություններին անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան հանրաքվե: Ստեֆան Շեննախի հայտարարությունից հետո է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի ժամանակ քննադատել է ՀՀ իշխանություններին ու նշել, որ նրանք Հայաստանում փոխում են Սահմանադրությունը այն բանի համար, որպեսզի վերարտադրվեն: Լ. Զուրաբյանը շատ կոպիտ արտահայտություններ է օգտագործել իշխանությունների հասցեին, որից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ու մյուս անդամները հոտնկայս ծափահարել են: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ արձագանքից Զուրաբյանն իրեն վատ է զգացել, սակայն արդեն ուշ է եղել:

 

ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԽԱՂՈՂ
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների պատմելով՝ իրենց գյուղապետ Սարգիս Խաչատրյանի որդին արդեն մի քանի տարի է, ինչ համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենան օգտագործում է սեփական կարիքների համար՝ գումար վաստակելու նպատակով: Մասնավորապես, խաղողի բերքահավաքի ժամանակ գյուղապետի որդին աղբատար ավտոմեքենայով գյուղացիների խաղողն է տեղափոխում վերամշակող գործարաններ՝ դիմացը պահանջելով 20-30 հազար դրամ: Ազատավանցիները ավելի շատ զայրացած են, որ համայնքի գույքը գյուղապետի որդին օգտագործում է բացառապես իր շահերի համար: Այլ կերպ ասած, դեմ չեն, որպեսզի աղբատարով իրենց խաղողը տեղափոխի, ուղղակի սրտնեղում են, որ գումարի դիմաց է դա անում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետ Սարգիս Խաչատրյանի հետ, ով ասաց. «Մեքենան կանգնած է իր տեղում: Մխչյանի գործարանի մոտ մի ավտոմեքենա փչացել էր, գնացել, քաշել, բերել է: Այդ ավտոմեքենան աղբի համար է աշխատում, այլ նպատակ չկա»:

 

ԼԻՍԿԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
Երեկ ողջ օրը «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանից եւ Արմեն Կարապետյանից պարզել, թե, ըստ իրենց, ինչպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կրկին հաջողվեց իր որդուն ազատել քրեական պատասխանատվությունից: Հիշեցնենք, որ նշյալ պատգամավորներն ընտրվել են Սյունիքի մարզից եւ համարվում են Սուրիկ Խաչատրյանի «պատգամավորը»: Սակայն Գրիգորյանի եւ Կարապետյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում առկա օրակարգային խնդիրները: Նիկոլայ Բորդյուժայի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այցի ընթացքում Բորդյուժան հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաեւ՝ կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլի պաշտոնական միջոցառումներին:

 

ՓՈԽԵԼՈՒ ԿՈՉՈՎ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ: Հիշեցնենք, որ վերջերս նույն օրենսդիրները առաջարկել են հակամարտության բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին, շփման գծում տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող նորագույն սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը եւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու համար:

 

ԾՆՈՂԱԿԱՆ
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այս դեպքում պետք է ընդունենք ոչ թե որպես մարզպետ, այլ որպես ծնող»- երեկ լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի ազատ արձակմանը եւ մարզպետի հայտարարությանն այն մասին, որ արդարությունը վերականգնվեց: «Մեզանից յուրաքանչյուրը նման սուբյեկտիվ վերաբերմունք ունի իր որդու հանդեպ: Ինչ-որ մի մաս կա, որ չի սիրում մարզպետին եւ սա վերագրում է որպես արդարադատությունից դուրս գտնվող երեւույթ», – խոստովանել է ԱԺ նախագահը:

 

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ժամանակ: Նա, սակայն, նշել է, որ մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի:

 

ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԵԼՈՒ ՓՈՐՁ
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐԱԿԵԼ
Հոկտեմբերի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /28 արկ/ եւ 82 /31 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 /20 արկ/ տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:




Լրահոս