ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՓԱԽՈՒՍՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներազգային ազատագրական» ինքնակոչ շարժման ինքնաբուխ ղեկավար Վահան Մարտիրոսյանի փախուստը Բաքու թեեւ բազմիցս տարաշերտ քննարկումների առարկա դարձավ, այնուամենայնիվ, այդպես էլ խորությամբ չուսումնասիրվեց գլխավոր խնդիրը՝ ինչպե՞ս կարողացավ քրեական հանցագործության մեջ կասկածվողը դուրս գալ մեր երկրից: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն է անցկացրել այս առիթով:

Ո՞վ էր Վահան Մարտիրոսյանը
Իհարկե, ՀՀ ոստիկանությունը, քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն իրենց վրայից մեղքը գցելու համար ամենատարբեր հնարքների դիմեցին՝ ընդհուպ մինչեւ լրագրողներին վիրավորելը:
Նախ՝ փորձենք հասկանալ, թե ով էր Վ. Մարտիրոսյանը, ինչպես հաջողացրեց դառնալ «հանրային դեմք»: Նա իշխանության ամենատարբեր օղակների կողմից կոնկրետ նպատակներով կազմակերպվող տարաբնույթ ակցիաների մասնակից է եղել, այսպես ասած՝ ակտիվիստ: Աչքի էր ընկնում հակապուտինյան իր ելույթներով: Իսկ 2014թ. ապրիլին էլ իրեն փորձագետի տեղ էր դրել եւ հայկական գազի կալորիականությունն էր ստուգում՝ համեմատելով մեր հարեւան Վրաստանում սպառվող գազի որակի հետ:
Ըստ ամենայնի, ցանկալի արդյունքի չհասնելով՝ նա որոշեց առավել մեծ շոու ծրագիր բեմադրել, որպեսզի նաեւ հալածյալի իմիջ ունենա: Չէ՞ որ «իսկական ակտիվիստը» պետք է նաեւ հալածվի կա՛մ ոստիկանների, կա՛մ գործող իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից: Ու դրա համար ընտրվեց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, մարդ, ով ունակ է առանց պատճառի բարկանալ, ծնոտ պոկելու պատրաստակամություն հայտնել:
Ինչպե՞ս բեմադրվեց ծեծը
Այս տարվա օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին:
Երկու օր անց «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ իրականում Սեդրակյանի թիկնապահները կապ չունեն տեղի ունեցածի հետ, այլ եղել է վեճ Վահանի եւ իր կնոջ միջեւ, որը փորձել են հարթել հարեւանները՝ մի երկու «թաթալոշ» հասցնելով անվերջ հայհոյանքներ տվող Վահան Մարտիրոսյանին: Վերջինիս ծեծի գործով հարցաքննված Վահագն Խասապետյանը եւ Ալբերտ Ֆահրադյանը, որոնք Վահանի հարեւաններն են, մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրենց տան բակում ընտանիքի անդամների հետ նստած են եղել եւ Վահանենց տանից լկտի հայհոյանքների ձայներ են լսվել: Եւ, ահա, փորձել են միջամտել՝ հանգստացնելով ամուսիններին:
Իսկ ի՞նչ են մտածում Վահանի արարքի մասին նրա հարեւանները. նրանք պարզապես անիծում են այն օրը, երբ ճանաչեցին Վահանին:
Օձը տաքացնողին է կծում
Այսպիսով, տեսնելով, որ իր համար ցանկալի սցենարը չստացվեց, Վ. Մարտիրոսյանը որոշեց ապաստանել իր ծանոթուհի Ռուզան Մարգունու բնակարանում: Այնտեղ 5 օր մնալով՝ Վ. Մարտիրոսյանն ու նրա կինը գողանում են 3850 ԱՄՆ դոլար եւ անհետանում:
Մարգունին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բազմիցս քննիչներին ասել է՝ այդ տղան վտանգավոր է, գտեք, բերեք, սակայն քննիչները, վախենալով ակտիվիստ Վահանի կերպարից, որ կարող է աղմուկ բարձրացնել, խուսափել են գործուն քայլեր իրականացնել: Ընդամենը սեպտեմբերի 2-ին քննիչ Գարիկ Ստեփանյանը որոշում է կայացրել գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահանի նկատմամբ ընտրել խափանման միջոց ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին: 2 օր անց Վ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Ավանի հոգեբուժարանում «անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ, լքում է Հայաստանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144 հոդվածի համաձայն՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը «Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի եւ դատարանի կանչով եւ նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին»:
10 օր նախապատրաստվել են
Ինչպես հայտնել էր ադրբեջանցի իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն, Մարտիրոսյանի փախուստը նախապատրաստվել է 10 օր: Ադրբեջանցու խոսքով՝ Մարտիրոսյանը վրացի իրավապաշտպանների միջոցով նամակով դիմել է իրենց, իսկ ինքն էլ իր հերթին, դիմել է Միլլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի նախագահին կից ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության պետական խորհրդի նախագահ Ազայ Գուլիեւին, որն էլ դիմել էր Ադրբեջանի ԱԱԾ-ին ու այլ մարմինների, ովքեր պատրաստակամություն են հայտնել կազմակերպել Մարտիրոսյանի անցումը Վրաստանից Ադրբեջան»:
Հիմա փորձենք հասկանալ, թե պետական համակարգի ո՞ր օղակի թերացման արդյունքում Վահանը կարողացավ հատել հայ-վրացական, այնուհետեւ նաեւ հայ-ադրբեջանական սահմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ է հայտնի ՀՀ ԱԳՆ-ին ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի գործողություններից. նա Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններին հանձնվելուց առաջ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան հետ ի՞նչ կապ է ունեցել:
2. Չի՞ պատրաստվում արդյոք ՀՀ ԱԳՆ-ն բողոքի ձայն բարձրացնել առ այն, որ մեր բարեկամ երկիր Վրաստանի քաղաքացիները 10 օր շարունակ օգնել են ՀՀ քաղաքացուն՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններին հանձնվելու համար:
3. Հայաստանում Վրաստանի դեսպանատան կամ Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներին ի՞նչ տվյալներ են փոխանցվել Վահան Մարտիրոսյանի ծրագրերի մասին, կամ փոխանցվե՞լ է արդյոք որեւէ տեղեկություն այդ մասին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, ահա, այսպիսի պատասխան է տվել մեր հարցադրումներին. «Հայտնում ենք Ձեզ, որ Ձեր կողմից նշված անձը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ որեւէ ձեւով չի կապվել, եւ ՀՀ-ում Վրաստանի դեսպանության կողմից որեւէ տեղեկություն չի փոխանցվել այդ անձի վերաբերյալ»: Այսպիսով, ԱԳՆ-ն հայտնում է, որ ոչնչից տեղյակ չէ. ինչպես միշտ: Հիշո՞ւմ եք՝ Ռամիլ Սաֆարովին էլ Հունգարիայից արտահանձնեցին Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ-ն ուշացումով տեղեկացավ իրադարձությունների մասին: Բայց ուշագրավ է, որ այս դեպքում ՀՀ ԱԳՆ-ն Վրաստանի դեմ որեւէ բողոք չի ներկայացնի:
Հարցեր ԱԱԾ տնօրենին
Հիմա դառնանք իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին՝
1. Ինչպե՞ս է հաջողվել ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանին հատել ՀՀ սահմանը եւ հասնել մինչեւ Ադրբեջանի Հանրապետություն, եթե նրա նկատմամբ Հայաստանում քննվում էր քրեական գործ, եւ ընտրված էր խափանման միջոց՝ ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին:
2. Արդյո՞ք ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ ԱԱԾ-ն ստացել է պաշտոնական գրություն առ այն, որ քաղաքացի Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:
3. Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ քանի՞ քաղաքացու է հաջողվել հատել Հայաստանի սահմանը՝ ունենալով իր նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:
4. Վրաստանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցները արդյո՞ք որեւէ կերպ տեղեկացրել են ՀՀ ԱԱԾ-ին, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է հատել վրաց-ադրբեջանական սահմանը:
5. ՀՀ ԱԱԾ-ն ե՞րբ է տեղեկացել Վահան Մարտիրոսյանի ծրագրերի մասին՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններին հանձնվելու վերաբերյալ: Ադրբեջանի իրավապաշտպանները հայտարարել են, որ 10 օր շարունակ Վրաստանի իրավապաշտպանների միջնորդությամբ կազմակերպվել է հայազգի Վահան Մարտիրոսյանի մուտքը Ադրբեջան:
ԱԱԾ-ի պատասխանը
Այս հարցերին ի պատասխան՝ ԱԱԾ-ի վարչության պետ Ա. Ավետիսյանը հայտնել է. «Հարուցված քրեական գործերի շրջանակներում «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց ընտրելու վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ընդհանրապես չի տրամադրվում:
Վրաստանի հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի պետական սահմանը հատելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն չունեն:
Վ. Մարտիրոսյանի՝ Ադրբեջանին հանձնվելու ծրագրերի մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ չի ստացել:
Միաժամանակ հայտնում եմ, որ Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»:
Դե, իհարկե, ԱԱԾ-ին որեւէ մեկը որեւէ տեղեկություն հայտնելու պարտավորություն չունի՝ առավել եւս օտար երկրի կառույցները: Մենք հարցը ուղարկելիս նկատի ունեինք ԱԱԾ գործակալական ցանցի գործառույթները. ի վերջո, պետական այս կառույցը միայն ընդդիմադիր գրասենյակներում «ժուչոկներ» տեղադրելու եւ ներքին խարդավանքների համար գաղտնալսումներ կազմակերպելու համար չի վարձատրվում ՀՀ պետբյուջեից: ԱԱԾ-ն առավել լուրջ գործառույթներ ունի:
Զավեշտալին ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի «պասերն» են, որոնք նպատակ ունեն Վահան Մարտիրոսյանի փախուստի մեղքը միմյանց վրա բարդել:
Բայց այդ մասին կներկայացնենք հաջորդ համարում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ 21 ՏՈՒԺՈՂ
«Ժողովուրդ»-ին 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին ջրցան մեքենաների միջոցով ցրելու աղմկալի դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 22-ին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին Սերժ Սարգսյանից չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Եվ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրեցին բողոքի ակցիան՝ բռնություն գործադրելով ինչպես լրագրողների, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ:
Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պաշտոնական տվյալների` ոստիկանական տարբեր բաժիններ էին տարվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կային նաեւ լրագրողներ:
Եվ, ահա, հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրած հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին պաշտոնական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ հարուցեց ոչ միայն լրագրողների, այլեւ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առիթով:
Դեպքից անցել է 3 ամիս, եւ «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, այս ամիսների ընթացքում քանի քաղաքացի է տուժող ճանաչվել եւ, առհասարակ, այս գործի շրջանակներում կա՞ն արդյոք մեղադրյալներ: Ի պատասխան մեր հարցման՝ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց. «Քրեական գործի նախաքննության ընթացքում գործով տուժող է ճանաչվել 21 անձ: Մի շարք անձինք ճանաչվել են տուժողների ներկայացուցիչներ եւ մասնակից դարձել քննչական գործողությունների կատարմանը: ԶԼՄ-ների 3 ներկայացուցիչներ թեեւ ծանուցագրերով հարցաքննության են կանչվել, սակայն չեն ներկայացել եւ չեն հայտնել իրենց ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ ոստիկանության ծառայողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հավաքի մասնակիցներ, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր 9 փորձաքննություններ, կատարվել են բազմաթիվ զննություններ, առգրավումներ, քրեական գործին են կցվել եւ ուսումնասիրվել դեպքերին առնչվող բազմաթիվ տեսանյութեր, փաստաթղթեր: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին էր ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակել, որի արդյունքում 12 ոստիկան ենթարկվեցին պատասխանատվության: Եւ ոստիկանության ծառայողական քննության արդյունքները եւս ուղարկվել էր ՀՔԾ՝ գնահատականը տալու համար: Այս պատմության մեջ զարմանալի է, թե որոնք են եղել 3 լրատվամիջոցի ներկայացուցիչները, որոնք այդպես էլ չեն ներկայացել ՀՔԾ: Եթե հասարակ քաղաքացիների դեպքում քննչական մարմին չներկայանալը կախված է հետագա հետապնդումներից խուսափելու հանգամանքով, ապա ԶԼՄ-ների դեպքում իրավիճակը այլ է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս