Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը, որը թեեւ բազմամարդ չէր, սակայն աչքի էր ընկնում մասնակիցների ոգեշնչվածությամբ:
Հանրահավաքին մասնակցում էին ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նույն խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱՅԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչպես նաեւ՝ մի շարք քաղաքացիական ակտիվիստներ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ: Նշենք, որ Ազատության հրապարակում էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Ելույթով հանդես եկած «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը նախ եւս մեկ անգամ նշեց, որ չպետք է թույլ տալ, որ նոր Սահմանադրությունն ընդունվի, քանի որ դրանում կան դրույթներ, որոնք հավերժացնում են Սերժ Սարգսյանի իշխանությունը, ապա ասաց. «Մի պահ պատկերացնենք, որ նոր Սահմանադրությունը ամենալավ Սահմանադրությունն է լինելու, բայց միթե գործելու է, չի գործելու»: Սաֆարյանն ընդգծեց, որ գործող Սահմանադրությունը շատ լավն է, եւ Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար մեղավոր է ոչ թե գործող Սահմանադրությունը, այլ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Հիմնադիր խորհրդարանի» անդամը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին մի մարդու նման փողոց դուրս գալ եւ պայքարել:
Նույնպիսի կոչով հանդես եկավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ընդգծեց, որ ընդդիմությունը միայն միասնական ճակատով կկարողանա իշխանափոխության հասնել։ «Պետք է լինի միասնություն: Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գա: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք պետք է սկսենք իշխանափոխությունից»,-ընդգծեց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, շարունակելով նախորդ բանախոսների ելույթներում կարմիր գծի պես անցնող պնդումը, թե նոր Սահմանադրությունը կոչված է մեկ նպատակի` Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը, այնուամենայնիվ, խոսքը ուղղեց իշխանությանը: «Մենք ասում ենք՝ իշխանություն, խելքդ գլուխդ հավաքի՛ր եւ երկիրը մի՛ տար քյալագյոզության: Մենք կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չունենք: Հայաստանին ցնցումներ պետք չեն»:
Բանախոսների ելույթներից հետո «Ոչ»-ի ճակատը երթ անցկացրեց Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան երթուղով եւ վերադարձավ Ազատության հրապարակ:
Երթի ավարտից հետո «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը, գերազանց գնահատական տալով հանրահավաքի ընթացքին, նշեց, որ այսքանով չեն սահմանափակվում, եւ հաջորդ հավաքը անցկացնելու են երկուշաբթի օրը` հոկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում, որտեղից երթով շարժվելու են դեպի Ազգային ժողով: Հիշեցնենք, որ այդ օրը Ազգային ժողովում քվեարկության է դրվելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԷԼԵԿՏՐԱԼԱՐԵՐԻ ՎԹԱՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ
Վերջին ամիսներին «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում` կապված էլեկտրաէներգիայի որակի, ենթակայանների վատ աշխատանքի եւ մասսայական անջատումների հետ: Այս անգամ «Ժողովուրդ»-ին է դիմել Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 24 շենքի 4-րդ բնակարանի 89-ամյա բնակիչ Արմեն Օսիպյանը: Քաղաքացու պատմելով՝ սեպտեմբերի 20-ին իրենց շենքում էլեկտրալարերի վնասման արդյունքում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 7 ընտանիքին պատկանող տեխնիկան փչացել է:
«Իմ տան այն կենցաղային տեխնիկան, որոնք միացված են եղել, դրանք ամբողջությամբ փչացել են. այրվել է երկու հեռուստացույց՝ մեկը ննջարանում, մյուսը՝ պատշգամբում, 17 հազար դրամ արժեքի հեռախոս, պլանշետին էլեկտրաէներգիա սնուցող սարքը: Այրվել է նաեւ այն սարքը, որը ազդանշաններ է արձակում գազի արտահոսքի առկայության դեպքում»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց Ավան վարչական շրջանի 89-ամյա բնակիչ՝ Արմեն Օսիպյանը:
Օսիպյանին պատկանող այն կենցաղային տեխնիկաները, որոնք որ անջատված են եղել, չեն այրվել, սառնարանը՝ նույնպես: Ի դեպ, այս խնդրի առաջ կանգնել են նաեւ Աճառյան 24 շենքի եւս 7 բնակիչներ: Նրանք նույնպես վթարի արդյունքում վնասներ են կրել: «Ես այս խնդրի շուրջ դեպքից մի երկու օր անց դիմեցի տեղամասային տեսուչ Արամ Դարբինյանին, նա ինձ ուղարկեց ոմն Յուրա Ավագյանի մոտ, սա էլ իր հերթին՝ Սերգեյի մոտ: Եւ իմ հարցին լուծում տալու փոխարեն այս մարդիկ իրար վրա գցեցին խնդրի լուծումը: Այնուամենայնիվ, հետո կողմնորոշվեցին ու հայտարարեցին, որ մեր այս խնդրին լուծում կարող է տալ ՀԷՑ-ի ավագ ինժեները: Իրար վրա գցելով՝ մի լաբիրինթ են ստեղծել, եւ ոչ մեկ չի կարողանում հստակ պատասխան տալ»,- դժգոհելով պատմեց պարոն Օսիպյանը:
ՀԷՑ-ի տեղամասային բաժին դիմելուց անցել է արդեն 12 օր, բայց անարձագանք: «Իրենցից ոչ մի նորություն չկա, ո՛չ գալիս են եւ ո՛չ էլ հետաքրքրվում: Իսկ հեռուստացույցները իմ զրույցի ընկերներն են, ես իրենց հետ եմ խոսում, այլ զբաղմունք չունեմ: Այս պահին մենք մեր տանը էլեկտրաէներգիա ունենք, նույն օրն եկան էլեկտրալարերը փոխեցին, վերանորոգեցին ու գնացին: Իսկ տեխնիկայի փոխհատուցման մասով ոչինչ չասացին»,- ընդգծեց պարոն Օսիպյանը: Մեր զրուցակցի պատմելով՝ հեռուստացույցը վերանորոգելու համար մասնագետներից հետաքրքրվել է, սակայն վերջիններս պատասխանել են, որ այն ամբողջովին այրվել է եւ պետք է դեն նետել: Նշենք, որ մյուս 6 բնակիչը նույնպես վնասներ են կրել էլեկտրալարերի հետ տեղի ունեցած վթարի արդյունքում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Նատալիա Սարջանյանի հետ, ով հայտարարեց, որ ընկերությունը պարտավոր է եւ կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները. «Միայն պետք է վնասներ կրած քաղաքացիները մոտենան տեղամասային բաժին եւ արձանագրեն վնասված սարքավորումները»: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ ընթերցողին կներկայացնի՝ ՀԷՑ-ը փոխհատուցե՞լ է քաղաքացիներին, թե՞ ոչ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Դիլիջան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Արմեն Շվերնիկի Հովհաննիսյանը, որը Դիլիջանում ունի դեղատների ցանց, օրերս դատապարտվել է մաքսանենգության համար: Բանն այն է, որ նա, նպատակ ունենալով Թբիլիսի քաղաքից դեղամիջոցներ ձեռք բերել եւ Դիլիջանում վերավաճառել իրեն պատկանող 4 դեղատներում, 2015թ. մայիսի 13-ի առավոտյան իր եւ եղբոր «Միցուբիսի» մակնիշի ավտոմեքենաներով ուղեւորվել է Թբիլիսի:
Վրաստանի մայրաքաղաքում Արմեն Հովհաննիսյանը դեղերի մեծածախ առեւտրի սրահներից մեկում գնել է ընդհանուր 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղեր, դրանց մի մասը՝ 1 միլիոն 576 հազար 200 դրամ արժողության դեղերը, տեղադրել է իր ավտոմեքենայի բեռնախցիկի, իսկ մյուս մասը՝ 2 միլիոն 87 հազար 815 դրամ արժողության դեղերը, տեղավորել եղբոր՝ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայի բեռնախցիկի՝ երրորդ շարքի համար նախատեսված խոռոչներում: Այնուհետեւ Արմեն Հովհաննիսյանը եղբորն ասել է, թե ինքն առաջինը կհասնի Բագրատաշենի մաքսակետ եւ երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները կմաքսազերծի:
Սակայն հասնելով Բագրատաշենի մաքսակետ՝ նա մտափոխվել է դեղերը հայտարարագրել եւ մաքսազերծել: Մտածելով, որ մաքսային տեսուչը չի կարող նկատել դրանք, նա հատել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տարածքը, դուրս եկել ուղեփակոցից եւ սպասել եղբորը: Արթուր Հովհաննիսյանը, հասնելով Բագրատաշենի մաքսակետ՝ մտածելով, որ եղբայրը՝ Արմենը, արդեն հայտարարագրել է երկու ավտոմեքենաներում առկա դեղամիջոցները, անձամբ չի հայտարարագրել դրանք եւ հատելով մաքսային հսկողության գոտին՝ դուրս է եկել մաքսային տարածքից: Դրանից հետո Արթուր եւ Արմեն Հովհաննիսյանների ավտոմեքենաները վերադարձվել են մաքսակետի տարածք, կրկնակի զննության են ենթարկվել, եւ բեռնախցիկներից հայտնաբերվել են մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված 3 միլիոն 664 հազար 15 դրամ ընդհանուր արժողության դեղերը: Դատարանում Արմեն Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել մաքսանենգության մեջ:
Սեպտեմբերի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Արմեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 1 միլիոն դրամ տուգանքի: Դատարանի վճռով մաքսանենգության առարկա հանդիսացող 3 միլիոն 664 հազար 15 դրամ արժողության դեղերը բռնագրավվել են՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ