ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել էր Բուխարեստ, որտեղ մեկնարկել է նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Ռումինիայի կառավարության՝ կրոնի հարցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումը: Քննարկվել են Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես Ռումինիայում Հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրել է սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-սփյուռք գործակցության ներկա ընթացքը եւ ծրագրերը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով կարելի է ձեռք բերել կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ է բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
Ռոման Թադեւոսյան (57 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդված): Բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի՝ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում եւ գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին: Դրանք կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում:
ՀԱՐՑ. Ես իմ մեքենան որոշ ժամանակ վստահել եմ ընկերներիս, ինչի արդյունքում նրանցից մեկը վարչական իրավախախտում է կատարել: Տեսանկարահանող սարքը ֆիքսել է կատարած իրավախախտումը, եւ 30.000 դրամ տուգանք է գրանցվել: Հիմա ես չեմ կարողանում ճշտել, թե նրանցից ո՞վ է եղել իրավախախտում կատարողը: Տուգանքի կտրոնի հետ ստացել եմ նաեւ սեւացրած լուսանկար, որում չի երեւում վարորդի դեմքը: Խնդրում եմ ասեք՝ ո՞ւմ կարող եմ դիմել, որպեսզի ինձ տրամադրեն այն լուսանկարը, որում երեւում է խախտում կատարած անձը:
Տիգրան Սահակյան (37 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերի համաձայն` վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը՝ դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա: Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է տեղեկացնել, որ եթե ճանապարհային երթեւեկության կանոնի խախտման փաստն ամրագրվել է տեսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է պետական սեփականություն, ապա այն անձը, որին ամրակցված է այդ տրանսպորտային միջոցը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: