Ո՞Վ ԵՎ Ե՞ՐԲ ԿՓՐԿԻ ԳՈՇԱՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Գոշավանք վանական համալիր”  պատմաճարտարապետական  արգելոցի մասնաճյուղի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանի վկայությամբ՝ քանդման եզրին են վանական համալիրի մաս կազմող, 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294թթ. կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Այդ պատճառով նշանավոր վանական համալիրի կենտրոնական՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի որոշ հատվածներ այցելուների համար փակվում են, իսկ զբոսաշրջիկների այցերի ժամանակ եկեղեցու անկյուններում արգելոցի աշխատակիցներ են կանգնում, որպեսզի այցելուները չմոտենան, եւ դժբախտ դեպքեր չլինեն: Արծրուն Հովսեփյանն ասաց, որ վանական համալիրի տարածքում կատարվող մոմավաճառությունից, գանձանակ մտնող հանգանակություններից, համալիրի տարածքում իրերի վաճառքից տարեկան 20-25 միլիոն դրամ հասույթ է ստացվում: Նշենք, որ ներկայում արգելոցի վարիչի պաշտոնը զբաղեցնում է Արծրուն Հովսեփյանի որդին` Բակուրը:
2013թ. հունվարի 26-ին Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում Սերժ Սարգսյանը եղավ նաեւ Գոշավանքում, այնտեղ մոմ վառեց, մասնակցեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված  պատարագին եւ մատաղի արարողությանը: Արծրուն Հովսեփյանը նրան ներկայացրեց վանական համալիրի նորոգման խնդիրը: ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 9-ի N616 որոշմամբ՝ 2003թ.-ից վանական համալիրը հանձնվել է Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ որպես սեփականություն, եւ օրենքով սահմանված կարգով հուշարձանի սեփականատիրոջ, տնօրինողի եւ օգտագործողի պարտականությունն է իրականացնել հուշարձանի պահպանությունը՝ ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: 
Նշենք, որ վերջին անգամ Գոշավանքի ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման նպատակներով պետական ներդրումներ կատարվել են 1986-1987թթ.: Միջնադարյան հռչակավոր վանական համալիրի տեսքին հարիր չեն ապակե գմբեթները եւ եկեղեցու ներսում՝ պատին ամրացված, գործարանային արտադրության սրբապատկերը՝  ժամանակակից, փայլփլուն շրջանակով: Վանական համալիրն անձրեւների ներթափանցումից փրկելու համար, որպես ժամանակավոր միջոց, եկեղեցիների գմբեթներն ապակեպատել է Վլադիմիր Գասպարյանը, երբ դեռ զբաղեցնում էր ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: Տարիներ են անցել, սակայն իրավիճակը չի փոխվել: Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին վանական համալիրի տարածքում կատարվող մոմավառությունից, գանձանակ մտնող գումարներից եւ համալիրի տարածքում իրերի վաճառքից ստացվող տարեկան 20-25 միլիոն դրամից միջոցներ չի հատկացնում վանական համալիրի ապակեպատ գմբեթները քարով փոխարինելու եւ համալիրի տարածքում նորոգման աշխատանքներ կատարելու համար:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս