«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Երեկ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» դեռեւս սեպտեմբերի 12-ի իր համարում տեղեկացրել էր, որ իշխանությունները որոշել են հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնել: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավն այսօրվանից արդեն սկսված է: Եւ հայտնի է, որ Սահմանադրության նախագծի «այո»-ի ճակատը դրան ԱԺ-ում կողմ քվեարկած 104 պատգամավորներն են՝ իրենց քաղաքական ուժերով եւ քաղաքական հովանավորներով հանդերձ:
Այսինքն՝ իշխանությունների ռեսուրսն արդեն իսկ հայտնի է: Փոխարենը «ոչ»-ի կողմնակիցների շարքերում դեռ անորոշ կամ ավելի ճիշտ՝ «խառը» վիճակ է: Կասկածից վեր է, որ Հայաստանի հանրության գերակշռող մեծամասնությանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ էլ հետաքրքրում է, եւ միայն իշխանությունների նկատմամբ տածած անհանդուժողականությունը բավարար է, որպեսզի մարդիկ այդ փաստաթղթին դեմ արտահայտվեն: Հարցերի հարցն այն է, թե ով կամ ինչպես է կազմակերպելու համընդհանուր «ոչ»-ը: Մինչ վերջերս «ոչ»-ի հետ կապված առնվազն երկու ճակատ արդեն ձեւավորվել էր, որոնց մամուլը բազմիցս անդրադարձել է: Սակայն իրավիճակը միանգամայն խճճվեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը եւս սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեց: Քոչարյանը քիչ էր, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Ազգային վերածնունդ»-ն է սահմանադրական փոփոխություններին դեմ շարժում սկսում: Համաձայնեք, որ «ոչ»-ի ճակատում ընդգրկված իսկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար իրադարձությունների նման ընթացքը սկսում է նմանվել մղձավանջի. Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Բաղդասարյանի հետ համախոհ լինելն այլ կերպ չես որակի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: