Երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցելությանը եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնարավոր պայմանավորվածություններին` նշել է, որ ինքը դեմ է թե Եվրասիական միությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը` հավելելով. “Դա չի նշանակում, որ Հայաստանին պետք չէ երկկողմանի ամուր հարաբերություններ ունենալ ասիական պետությունների, Արեւելքի հետ, ինչպես նաեւ թեկուզ դիտորդի կարգավիճակով մասնակցի այդ նախաձեռնություններին, բայց որպես Արեւմտյան քաղաքակրթության աղբյուր` Հայաստանը պիտի տեսնի իր ապագան այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Եվրոպան հասունանա այն մակարդակի, որ ինքը ճանաչի Հայաստանի ազգային շահը, ինքնիշխանությունը եւ մեր քաղաքացիների իրավունքները”:
“Բարեւի առաջնորդի”`այսպիսի խրթին ձեւակերպված տեսլականն անկեղծ ասած բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որոնց պատասխանները դժվար է գտնել ոչ միայն Րաֆֆիի բանավոր խոսքում, այլեւ նրա ներկայացրած նախընտրական ծրագրում: Իհարկե, իր տասնամյա քաղաքական գործունեության ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ էլ աչքի է ընկել դիրքորոշումների ոչ հստակ ձեւակերպմամբ եւ անիրատեսական ծրագրերով: Սակայն մի բան էր, երբ նա կուսակցության առաջնորդ էր, մեկ այլ բան` երբ ՀՀ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածու է, որը պնդում է, թե ինքն է հաղթած եւ ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Հետեւաբար` Րաֆֆի Հովհաննիսյանի` արտաքին քաղաքական անհասկանալի կեցվածքը բազմաթիվ հարցականներ է առաջացնում միջազգային քաղաքական կենտրոնների մոտ, եւ այն, որ նրանք շտապեցին շնորհավորել Սերժ Սարգսյանին, կարող է նաեւ պայմանավորված լինել հենց այն հանգամանքով, որ նրանց համար Ր. Հովհաննիսյանի մոտեցումներն անհասկանալի են, մինչդեռ Սերժ Սարգսյանից արդեն իսկ գիտեն, թե ինչ կարելի է սպասել:
Եվ եթե ներքին դաշտում հնարավոր է գեղեցիկ բառակապակցություններով շարժել մարդկանց սրտերն ու շահել նրանց համակրանքը, ապա “ռեալ պոլիտիկի” տիրույթում նման ձեւակերպումներն առնվազն լուրջ չեն ընկալվում: Ինչ ասել է. “Շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին, շատ ավելի կարեւոր է, որ մենք դառնանք ռազմավարական հաղորդակցության մի ցանց` համաշխարհային, եւ թույլ տան, որ մենք դառնանք որպես քաղաքակրթությունների խաչմերուկ այն տեղը, որտեղ ոչ թե հակամարտությունների, այլ երկխոսությունների տեղ է”: Այդ ինչպես ենք դառնալու ռազմավարական հաղորդակցության մի ցանց, այն էլ` համաշխարհային, ով եւ ինչու պիտի դա մեզ թույլ տա: Գուցե ճիշտ այնպես, ինչպես ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը եւ զուգահեռաբար շարունակենք բանակցային գործընթա՞ցը: Սրանք այնպիսի քաղաքագիտական անհեթեթություններ են, որոնք կարող են ընկալելի լինել որպես որեւէ քաղաքական ուժի ղեկավարի էկզոտիկ մտածելակերպ, բայց ոչ երբեք երկրի նախագահի պաշտոնին հավակնող գործչի մոտեցում: