Հայաստանը մութ գործարքների դրախտավայր է. թե ինչ կլինի հետո, այնքան էլ կարևոր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2013-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը պատրաստվում է մասնավորեցնել «Որոտանի ՀԷԿ»-ը, միանգամից կարծիքներ սկսեցին հնչել առ այն, որ հերթական մութ գործարքն է նախապատրաստվում: «Որոտանի ՀԷԿ»-ը Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին «հսկան» էր, որը դեռեւս շարունակում էր մնալ պետական սեփականություն:

Սակայն մյուս կողմից այն հանգամանքը, որ «Որոտան ՀԷԿ-ի» գնորդը ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» (ContourGlobal) ընկերությունն էր, որի լոբինգով անմիջական հենց ԱՄՆ պետքարտուղարությունն էր զբաղվում, մի փոքր հույս էր ներշնչում, որ այս անգամ գործարքում մութ կողմերը գոնե քիչ կլինեն: Ի վերջո, այս անգամ գնորդը ոչ թե օֆշորում նոր, հատուկ այդ գործարքի համար գրանցված ընկերություն էր, այլ էներգետիկ կորպորացիա, որը էլէներգիայի արտադրությամբ է զբաղվում շուրջ 17 երկրներում:

Ինչեւէ, գործարքը նախապատրաստել էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած Կառավարության կողմից, սակայն վերջինիս հրաժարականից եւ գործադիրի կազմի փոփոխությունից հետո գործարքը մի փոքր ձգձգվեց եւ,ի վերջո, իր ավարտին հասցվեց այս տարվա հունիսի 8-ին: Այդ օրը մեծ հանդիսավորությամբ ՀՀ Կառավարությունում ստորագրվեց «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքը: Հայտարարվեց, որ գործարքի արժեքը կազմում է 180 մլն դոլար, եւ այդ գումարը պետք է վճարվի երկու մասով՝ 90-ական միլիոն դոլար չափաքանակներով: Այս գործարքի դրական կողմն այն էր, որ դրա շնորհիվ Հայաստանի էներգետիկ համակարգում կարող է մրցակցություն առաջանալ: Փաստորեն, Հայաստանի էներգետիկ համակարգում, որն ամբողջությամբ գտնվում է ռուսական ընկերությունների տիրապետման տակ, հայտնվում է նոր խաղացող ամերիկյան հեղինակավոր ընկերություն: Սակայն այս ոգեւորությունը գնալով կարծես մարում է:

Սակայն օրերս հայտնի դարձավ, որ «Որոտանի ՀԷԿ»-ի գույքը ձեռք բերելուց անմիջապես հետո նոր սեփականատերը երեք հայկական բանկերում գրավադրել է: ՀՀ օրենսդրության համաձայն՝ նման դեպքերում գույքը կարող է գրավադրվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ: Մեր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ համապատասխան համաձայնությունը ՀԾԿՀ-ն տվել է հուլիսի 22-ին տեղի ունեցած նիստում կայացված թիվ 250Ա որոշմամբ:

Ըստ այդմ, պարզվում է, որ «Որոտանի ՀԷԿ»-ը կառավարող «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը դեռեւս այս տարվա հունիսի 26-ի դիմել է ՀԾԿՀ-ին՝ խնդրելով համաձայնություն տալ իրենց ընկերության հիմնական գույքը եւ գույքի նկատմամբ գույքային իրավունքները գրավադրել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ամերիաբանկ» եւ «Կոնվերս Բանկ» բանկերում: Որոշմանը կից հավելվածից տեղեկանում ենք, որ նշված բանկերում գրավադրվել են՝ «1. Սպանդարյանի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1989 թվականին, բաղկացած երկու բլոկից, 76 ՄՎտ հզորությամբ). 2. Շամբի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1979 թվականին, բաղկացած երկու բլոկից, 171 ՄՎտ հզորությամբ). 3. Տաթեւի հիդրոէլեկտրակայան (կառուցված 1970 թվականին, բաղկացած երեք բլոկից, 157,2 ՄՎտ հզորությամբ) եւ 4. Նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ եւ այլ օժանդակ սարքավորումներ»:

Այլ կերպ ասած՝ նոր սեփականատերը ՀԷԿ-ը ձեռք բերելուց անմիջապես հետո սկսել է ողջ գույքի գրավադրման գործընթացը եւ պայմանագրի ստորագրումից երկու շաբաթ անց արդեն դիմել է ՀԾԿՀ-ին՝ համաձայնություն ստանալու համար:

Ի դեպ, ՀԾԿՀ-ի որոշման մեջ չի նշվում, թե գրավադրման արդյունքում «Որոտանի ՀԷԿ»-ի նոր սեփականատերը որքան գումար է ստացել, սակայն, մեր տեղեկություններով, վերը նշված երեք բանկերը միասին հատկացրել են 90 մլն դոլար գումար: Դրանով «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը վճարել է «Որոտանի ՀԷԿ»-ի գնման համար վճարվելիք գումարի առաջին՝ 90 մլն դոլար մասնաբաժինը:

Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի տնտեսության հետ կապված մութ գործարքների առատության պատճառը ռուսական, ամերիկյան կամ անգլիական ընկերությունները չեն: Բոլոր ընկերությունների տերերը բիզնեսմեններ են, որոնց առաջնահերթ խնդիրը շահույթ ստանալն է: Իհարկե, ընթացքում այդ ընկերությունները կարող են նաեւ քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով օգտագործվել, բայց կրկնում ենք՝ նրանց առաջնահերթ խնդիրը շահույթ ապահովելն է: Ցանկացած ընկերություն Հայաստան գալուց հետո տեսնում է, որ այստեղ մութ գործարքների համար դրախտավայր է, քանի որ պետական պաշտոնյաներին առավել հետաքրքրում է իրենց գրպանը գնացող գումարները, իսկ թե ինչ կլինի հետո, այնքան էլ կարեւոր չէ:

Արդյունքում, «ամենասրբերն» անգամ անմիջապես սկսում են «հայկական կանոններով» խաղալ: Ամերիկյան ընկերությունը մասնավորապես այդ ճանապարհով իր համար 90 մլն դոլար է խնայել: Ու հետո խոսում են թափանցիկությունից, ազնվությունից եւ այլ գերարժեքներից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս