Չպետք է ուժերը վատնել կանխորոշված ելքով Երեվանի ավագանու ընտրությունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում 1995 թ. ի վեր ընտրությունները վերածվել են աշխարհաքաղաքական ուժերի նորգաղութային շահերը սպասարկող ապազգային պետական կառավարման համակարգի եւ նրա միջուկը կազմող հանցավոր վարչախումբի վերարտադրության միջոցառումների: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել “Սարդարապատ” շարժումը:
Հայտարարությունում, նաեւ ասվում է.
“Նույնիսկ նախագահական “ընտրություններում”, որոնց ժամանակ օրինաչափորեն արձանագրվում է ժողովրդի մոբիլիզացիայի եւ պայքարի ուժգնության շատ ավելի բարձր մակարդակ, հնարավոր չէ հաղթահարել ընտրակեղծիքի մեխանիզմը:
Միեւնույն ժամանակ հարկ է փաստել, 2013 թ. նախագահական ,ընտրություններիե ընթացքում ձեւավորվել է աննախադեպ մի երեւույթ: Այս անգամ բարձրացած ընդվզման ալիքը հետեւանք չէ միայն կեղեքման դեմ հերթական պոռթկման: Ժողովուրդն իրեն բնորոշ ներքին իմաստնությամբ գիտակցում է, որ այսպես շարունակվելու դեպքում “ընտրությունների” հաջորդ հնգամյա փուլի համար երկիրը կարող է դիմադրության բավարար ռեսուրս չունենալ, ուստի իր ընդվզման մեջ նաեւ գոյատեւման պայքարի ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին:
Հայ ժողովրդի այս ընդվզման որակը հուշում է, որ դրա ճիշտ ուղղորդման եւ կազմակերպման դեպքում ոչ միայն հնարավոր է մեր երկիրը հանել քաղաքական փակուղուց ու վերականգնել նրա ինքնիշխանությունը, այլեւ հասնել համազգային զարթոնքի եւ կառուցել նոր որակի հայկական պետություն:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը փաստում է, որ մենք ըստ իրավիճակի տրամաբանության պարտավոր ենք կատարել քաղաքական փակուղուց դուրս գալու առաջին կազմակերպական քայլը, որպիսին կարող է լինել միայն պետական կառավարման համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային համակարգի ձեւավորման գործընթացի մեկնարկը: Այդ նպատակով անհրաժեշտ է առավելագույնս օգտվել ժողովրդական ընդվզմամբ առաջացած ներկայիս մոբիլիզացիայի աննախադեպ հնարավորությունից եւ ուժերը չվատնել կանխորոշված ելքով հերթական, այս անգամ արդեն՝ Երեւանի ավագանու ,ընտրություններիե վրա:
Ժամանակն է ինքնակազմակերպվելու եւ միահամուռ ջանքերով ձեռնամուխ լինելու այլընտրանքային եղանակով դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ձեւավորման միջոցով մեր ինքնիշխանության վերականգնման եւ նոր որակի հայկական պետության ստեղծման համազգային նպատակի իրագործմանը”:




Լրահոս