Վարդան ջան, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ողջունելով սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ արտահայտվող «Նոր Հայաստան» ճակատը:

Այս առնչությամբ, Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի եւ՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների եւ հայերի համաժողովրդական վերաբերմունքին:

Դատապարտելով մեր ժողովրդին եւ նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաեւ հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձեւի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապա եւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ:

«Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան եւ փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան» , – ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ թողեց հետգրություն.

«Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:




Լրահոս