Նոր բացահայտումներ Դուբայում կավատությամբ զբաղվող քույրերի գործում. ինչ են պատմում նրանց մյուս քույրն ու մայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց Դուբայում հայ կանանց սեռական շահագործմանը նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով դատական քննությունը:

Այսօրվա դատական նիստին վկայություն տվեց ամբաստանյալի մայրը՝ Էմման: Վերջինս հայտարարեց, թե չգիտեր՝ իր աղջիկը Դուբայում ինչով էր զբաղվում: Մոր խոսքով՝ աղջկա ընկերուհին՝ ոմն Քրիստինե, 2008-ին զանգահարել է իրեն և ասել, թե Հերիքնազն իր մոտ է՝ ՌԴ Լենինգրադ քաղաքում, և այնտեղ երկուսով ծաղկավաճառությամբ են զբաղվում:

heriqnaz xachatryan

Դատարանի հարցին ի պատասխան՝ կինն ասաց, թե երկու աղջիկները՝ դատապարտված Բավականն ու Հերիքնազը, երկար տարիներ ընդհարված են եղել, իսկ պատճառը ինքը չգիտի: Նույն հարաբերությունները Բավականի հետ նաև ինքն է ունեցել:

Հերիքնազը, մոր ներկայացրածի համաձայն, ապրում էր իր հետ՝ Հրազդանում, իսկ Բավականը` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուկ գյուղում:

Ի դեպ, դատարանի հարցին՝ քաղաքային, թե բջջային հեռախոսով է կապ հաստատել դստեր հետ, կինը պատասխանեց, թե քաղաքային. ինքը բջջային հեռախոս չունի:

Իսկ ահա վկայություն տված Գայանե Սարգսյանը՝ ամբաստանվողի քույրը, միանգամայն այլ բան ասաց դատարանին: Նրա փոխանցմամբ՝ մայրը բջջային հեռախոս ունի, Հերիքնազի հետ շփման մեջ է եղել նույն հեռախոսով: Իսկ հակասությունը կապեց մոր տարիքի հետ. «Դե հիմա մեծ կին է…»:

Քրոջ մասին վայություն տված Գայանեն հայտնեց, որ տուժողներից ճանաչում է Աննա Ավդալյանին: Վերջինս, վկայի խոսքով, մոտ 8 տարի ապրել է իր հայրական տանը. «Վատ ապրող աղքատ ընտանիք էին, մերոնց տանն էր ապրում մոր հետ: Նորմալ հարաբերություններ ենք ունեցել: Ես շատ զարմացա, որ նման բան լսեցի»,- շարունակեց վկան՝ նկատի ունենալով այն, որ ըստ մեղադրանքի՝ քույրերը փորձել են Ավդալյանին սեռական շահագործման ենթարկեն Դուբայում:

Վկան հայտնեց նաև, որ տուժողներից ճանաչում է Ելենա Նիկողոսյանին, նրան ճանաչում է որպես Հերիքնազի ընկերուհի, տեսել է ծննդյան արարողություններից մեկի ժամանակ:

Ի դեպ, հարցաքննության ընթացքում վկան հայտնեց, որ ինքը Դուբայում ծանոթներ ունի՝ և՛ հայեր, և՛ արաբներ: Իսկ հարցին՝ ինչպես է ծանոթացել նրանց հետ, Գայանե Սարգսյանը չպատասխանեց: Նա միայն հայտնեց, որ Դուբայի իր ծանոթներն այնտեղից ապրանք են ուղարկում, ինքը Հայաստանում վաճառում է: Եվ այստեղ մեղադրող դատախազը հարց ուղղեց՝ օրինակա՞ն է արդյոք առուվաճառքը, և վկայի կողմից հնչեց հետևյալ պատասխանը. «Բոլորն էլ հիմա անում են էդպիսի բաներ, անպայման չի հարկային դաշտում գրանցվել: Ես իմ տանն եմ առևտուր անում»:

Որքան էլ տարօրինակ է, սակայն վկան վստահեցնում էր, թե ինքը երբևէ չի ցանկացել իմանալ քրոջ՝ Հերիքնազի հեռախոսահամարը, զանգահարողը միշտ նա է եղել: Իսկ զանգահարել է, որպեսզի հայտնի, որ վաճառքի ապրանք է ուղարկում:

Գայանե Սարգսյանի խոսքով՝ ինքն ամբողջ ընթացքում իմացել է, թե քույրը Դուբայում ազգությամբ գերմանացի ոմն Գիրչի հետ է բնակվում, աշխատել է նրա տանը: Իսկ թե նրանց մեջ սեռական կապ եղել է, թե ոչ՝ դժվարացավ պատասխանել:

Վկայի հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ Ինտերպոլի միջոցով վկայության կանչել Գիրչին և Քրիստինեին:

Ապա 15 էջանոց միջնորդությունն ընթերցելուց հետո պաշտպանական կողմը միջնորդեց Բավական Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը գործին չկցել, քանի որ ըստ պաշտպանի՝ այն նախաքննական մարմնի կողմից կորզվել է բռնությունների ազդեցության ներքո: Միջնորդության քննարկումը հետաձգվեց. այն կկայանա դատական քննության ավարտից հետո:

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին: Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում:

Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:




Լրահոս