«Ազատամարտիկների դաշինքի» արտահերթ ընդլայնված խորհրդի նիստի ժամանակ այլ հարցերից բացի քննարկվեց նաև «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված սպանության փորձը: Նիստի մասնակիցները միաձայն դատապարտելով տեղի ունեցածը միաժամանակ ընդունեցին, որ դա նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունների հանդեպ մեր ավելորդ հանդուրժողականության հետևանքն է: Այս դեպքը նախորդներից տարբերվում էր նրանով , որ այն իրականացվել է Անկախության օրը, մայրաքաղաքի կենտրոնում, և ի տարբերություն նախորդ միջադեպերի, այս դեպքն ոչ թե վախեցնելու միտում ուներ, այլ կազմակերպված սպանության փորձ էր:
Դաշինքի ընդլայնված խորհուրդը քննարկեց և որոշեց հարգելով Սմբատ Հակոբյանի հորդորը, առայժմ ձեռնպահ մնալ ինքնադատաստանի գործողություններից, համապատասխան մարմիններից պահանջել դեպքի ամբողջական բացահայտում և պատվիրատուից մինչև կատարող բոլորին անխտիր պատասխանատվության ենթարկում: Իշխանությունների անտարբերությունը մենք կդիտենք , որպես իրենց հովանավորությամբ կատարված հանցագործություն և պատժելու իրավունքը կվերապահենք մեզ, պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա: