Հայաստանի անկախության օրվա առթիվ երգիչ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելուց հետո հայ հանրության շրջանում կրքերը թեժացել էին: Մինչ օրս էլ չեն դադարում քննարկումներն այն մասին, թե արդյոք Արմենչիկն արժանի էր այդ կոչմանը: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը եւ ՀՀ մշակույթի նախարարություն` պարզելու` ի վերջո, ով է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին:
Նշենք, որ յուրաքանչյուր պետական պարգեւ կամ պատվավոր կոչում շնորհելու համար օրենքով սահմանված են համապատասխան հիմքեր: ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորվում է՝ հիմք ընդունելով «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին բարձր վարպետության եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:
Մենք ՀՀ մշակույթի նախարարությունից հարցրինք` երգիչ Արմենչիկին վաստակավորի կոչում շնորհելու հարցում կոնկրետ ում կարծիքն է հաշվի առնվել, եւ խնդրեցինք թվել անուններ: Մեր այս եւ մյուս հարցերը մնացին անպատասխան: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում պատասխանել այդ հարցերին եւ վկայակոչեց կոչումներ շնորհելու կարգը: Այսինքն` նախարարությունից փաստացիորեն հրաժարվեցին պատասխանել մեր գրավոր հարցմանը, որտեղ խնդրել էինք նաեւ նախարարության արձագանքը` Արմենչիկի` վաստակավորի կոչում ստանալուց հետո հանրության շրջանում տիրող դժգոհությունների առթիվ:
Քանի որ 2014 թվականի օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա, այլ կերպ ասած՝ միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք, «Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը հարցում ուղղեց` պարզելու համար, որ պաշտոնատար անձինք են միջնորդել 2015-ին Էռնա Յուզբաշյանին, Հարութ Փամբուկչյանին, Արմեն Գոնդրաչյանին վաստակավորի կոչումներ շնորհելու հարցում: Եվ, մասնավորապես, ով է ՀՀ վաստակավորի կոչման ներկայացրել Արմենչիկին: Նախագահականից մեր հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական, հասարակական, տնտեսական, մշակութային եւ այլ գործիչների հետ տարիների ընթացքում բազմաբնույթ հանդիպումների, քննարկումների ընթացքում, նաեւ տարբեր հասարակական, մշակութային եւ այլ միջոցառումների շրջանակներում, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր եղանակով ստացված առաջարկություններն ամփոփվում են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից եւ արդյունքում Հանրապետության նախագահին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ:
Նախագահականից, սակայն, մեր նշած եւ ոչ մի արտիստի վերաբերյալ չեն ներկայացվել անուններ, չի նշվել, թե մասնավորապես ում կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելով են շնորհվել վաստակավորի կոչումներ, մեր հարցին պատասխանել են մասնակի. «Հայտնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված անձանց ՀՀ պատվավոր կոչումները շնորհվել են վերը հիշատակված եղանակով` տարբեր տարիներին արված բանավոր առաջարկությունների հիման վրա»: Թե ովքեր են այդ բանավոր առաջարկությունների հեղինակները, մնում է անհայտ:
Ի դեպ, մենք նախագահի աշխատակազմից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է նախկինում միջնորդության հարցը լուծվել, օրինակ՝ վաստակավոր արտիստներ Արման Հովհաննիսյանի, Թաթա Սիմոնյանի, Կամո Սեյրանյանի դեպքում: Մեզ պատասխանեցին, որ այս անձինք պարգեւատրվել են մինչեւ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» գործող օրենքի ուժի մեջ մտնելը (09.08.2014թ.), երբ դեռեւս գործում էր «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը (11.06.2004թ.), հետեւաբար նրանց պարգեւատրելիս միջնորդություններ ներկայացնելու հարցը կարգավորվել է այդ ժամանակահատվածում գործող օրենքով սահմանված կարգով: Օրենքի 22-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում էր. «Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաեւ լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով»:
Այսինքն` այս դեպքում եւս նախագահականից որեւէ ստեղծագործական միության, պետական մարմնի կոնկրետ անուն չեն հայտնել` բավարարվելով միայն համապատասխան օրենքի մեջբերմամբ:
Աննա Բաբաջանյան