Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավարտվել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարը, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները:
Համալիր մենամարտի 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությանը հանձնվել է բրոնզե գավաթ: Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանը և Սարգիս Կաչանյանը արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև՝ համապատասխանաբար պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի համար», «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով: Իսկ Արտակ Մարտիրոսյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» պատվոգրով: Վերջիններս թիմային աշխատանքում զբաղեցրել են 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստական միջոցառումների մեկնարկը տրվել է 2014 թ. փետրվարին՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի «Երշովո» համալիրում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայության պատվիրակները: