Գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ գաղտնազերծել, թե ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ իր քվեն ում է տվել:
-Պարո՛ն Հայրապետյան, Դուք հայտարարել էիք, որ նոր կուսակցություն եք հիմնելու, ի՞նչ փուլում են կուսակցական աշխատանքները: Քանի՞ մարդ է անդամագրվել Ձեր կուսակցությանը:
-Դեռ չի կազմավորվել, մեծ աշխատանք է պահանջում, իսկ մենք էլի շտապելու տեղ չունենք: Դեռեւս գնում է ծանոթացում, քանի որ ինքը նոր բան է, եւ բավականին փորձագետներ են աշխատում, այնտեղ պետք է ընդգրկվեն այն մարդիկ, որոնք ոչ մի անգամ չեն եղել ոչ մի կուսակցության մեջ:
-Կոնկրետ մի քանի անուններ կնշե՞ք, թե մինչ օրս ով է անդամագրվել Ձեր կուսակցությանը, եւ ով է ցանկություն հայտնել անդամագրվելու:
-Ես անուն չեմ կարող տալ, քանի որ տենց մի հոգի չէ, երկու հոգի չէ, բայց նշեմ նաեւ, որ մի՛ փնտրեք Ձեզ ծանոթ անուն, նման անուններ չեն կարող լինել: Ոչ մի ծանոթ անուն, սկզբունքորեն եմ ասում, չի լինելու:
-Գոնե նշե՛ք, թե մինչեւ այս քանի հոգի է ընդգրկվել Ձեր կուսակցության շարքերը:
-Ա՛յ դա չեմ կարող ասել, եթե մոտավորապես թիվն արդեն պատկերացնենք, բավական հստակ կլինի ամեն ինչ: Շատ ցանկություն կա, ուղղակի մարդիկ իրենց ցանկություններն ունեն, իրենց պատճառներն ունեն: Սա պետք է բոլորի համար ընդունելի լինի: Կուսակցության անուն էլ դեռ չենք ընտրել, դա ամենահեշտ բանն է, քվեարկության կդնենք, կտեսնենք, թե այդ մարմնի անդամներն ինչ անուն են ընտրելու:
-Այժմ շատ կուսակցություններ քննարկում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը. հնարավո՞ր է՝ Ձեր նոր ձեւավորվելիք ուժը որեւէ կարգավիճակով մասնակցի մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին:
-Ո՛չ, ո՛չ, ես ավելին ասեմ՝ պատճառներից մեկն էլ այն է, որ պետք է ավագանու ընտրությունները եւս ավարտվեն, որպեսզի մենք ոչ մի բանի չխառնվենք: Ընտրություններից հետո նոր կկազմավորվի մեր կուսակցությունը:
-Իսկ ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցե՞լ եք, ո՞ւմ եք սատարել:
-Ես անձամբ մասնակցություն ունեցել եմ, բայց միությունը՝ որպես այդպիսին, մասնակցություն չի ունեցել: Մարդիկ ազատ են, ով ինչ ուզում է, դա էլ անում է:
-Իսկ Դուք ո՞ր թեկնածուի համար եք աշխատել:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Մեր տանեցիների համար եմ աշխատել, ես ազատ եմ:
-ՕԵԿ-ը նախագահի ընտրություններում սատարում էր Սերժ Սարգսյանին: Ձեր նախկին կուսակիցների՞ն էլ չեք օգնել:
-Ո՛չ, ո՛չ:
-Իսկ ո՞ւմ եք տվել Ձեր քվեն:
-(Ծիծաղում է-Ս. Գ.) Գաղտնիք է: Գիտեք ինչ, թեկնածուների մեջ ես ունեմ բավականին մոտ ընկերներ, դրա համար չեմ ցանկանում որեւէ բան ասել: Բացի Վարդան Սեդրակյանից, բոլորին լավ ճանաչում եմ, ում անունն էլ որ տամ, իրար մեջ կնեղանան:
-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր ձայնը տվել եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
-Գիտեք ինչ, եթե Դուք այդպես եք կարծում, ուրեմն դա Ձեր իրավունքն է, ես ուղղակի այդ հարցին չեմ պատասխանում: Ես արդեն ՕԵԿ-ի անդամ չեմ, իմ ընկերներն են այնտեղ, ես բոլորի հետ շատ ջերմ եմ, ես իրենց հետ շփվում եմ, բայց ոչ քաղաքական դաշտում:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ս. Սարգսյանը նախագահի ընտրությունների ժամանակ տարբեր տեղամասերում խայտառակ պարտություն կրեց:
-Խայտառակ բառը ես չէի օգտագործի: Ինչո՞ւ այդ դեպքում բավական տեղամասերում «խայտառակ» հաղթանակ տարավ: Ճիշտն ասած, ես այդպիսի բաներով չեմ զբաղվել, ես զուտ գնացել եմ իմ տեղամաս՝ Չարենցի դպրոց, իմ ընտանիքի անդամների հետ, ընտրությանն եմ մասնակցել ու վերջ:
-Հնարավո՞ր է Ձեզ ընդդիմության շարքերում տեսնենք. օրինակ՝ Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
-Ո՛չ, ոչ թե մենակ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ես ընդհանրապես հայտարարում եմ, որ ես բիզնեսմեն եմ, ես պետք է լինեմ իշխանության կողքին: Ես իշխանության կողմնակից եմ, կառուցողականի կողմնակից:
-Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը Ձեզ դատի էր տվել, ինչո՞վ ավարտվեց վեճը:
-Լուծվեց, հաշտվեցինք, ամոթ էր, շատ փոքր խնդիր էր, այդտեղ զուտ պարզաբանման խնդիր էր, ոչ ավելի: Ամեն ինչ ավարտվել է, հաշտություն է: Վերջ:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ