Երեկ Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որը տեւեց մոտ 2 ժամ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած զարգացումները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր: Նկատենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի գրեթե բոլոր անդամները երեկ տխուր դեմքերով էին դուրս գալիս նիստերի դահլիճից:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ գրասենյակից առաջինը հեռացավ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Նիկոյանը, Կարեն Ավագյանը, Գալուստ Սահակյանը: Ավելի ուշ դուրս եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը մյուսների համեմատությամբ ավելի բարձր տրամադրություն ուներ եւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ երկար զրույցի էր բռնվել: Գործադիր մարմնի անդամներից ոչ ոք չցանկացավ մանրամասնել, թե ինչ էին քննարկում այդ երկու ժամվա ընթացքում:
Միայն ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է միջազգային գրոսմայստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ պրոֆեսոր, ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Շարմազանովը հավելեց, որ ամբողջական ցուցակը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետում, սա ցուցակի ընդհանուր պատկերն է, դրա առաջին երեք հորիզոնականները չեն վերանայվի:
Անդրադառնալով ընդդիմությանը՝ ՀՀԿ մամլո խոսնակն ասաց, թե ընդդիմությունը չգիտի՝ ինչ է ուզում, որովհետեւ իր ռազմավարությունը դեռ մշակված չէ. «Բնական է, 37 տոկոս ձայն են ստացել, պետք է տաք պահեն իրենց ընտրազանգվածը, որ Երեւանի ընտրություններին մասնակցեն»:
Նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը Հայաստանում չէ եւ չէր մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ