Ծանր մարմնական վնասվածքը պատճառ է դարձել դատապարտյալի մահվան. նախաքնությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Ա. Գոհարյանի  մահվան  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ դատապարտյալի մահը հետևանք է եղել մեկ այլ դատապարտյալի կողմից պատճառված մարմնական վնասվածքի։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ա. Մկրտչյանը, համոզված լինելով, որ դատապարտյալ Ա.Գոհարյանն իր կացարանից գաղտնի հափշտակել է տարբեր կենցաղային պարագաներ, որպես «քրեական հեղինակություն», վերջինիս պատժելու նպատակով 2014 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում, փայտով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ա.Գոհարյանի մարմնի տարբեր մասերին ու գլխի գագաթային շրջանին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք: Ա.Գոհարյանը տեղափոխվել է նույն քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման ստացիոնար բաժին, որտեղ 2014 թվականի մայիսի 20-ին` ժամը 03:40-ին, ստացված վնասվածքներից մահացել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ա.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։




Լրահոս