Մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված գործարար Սիլվա Համբարձումյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործարարը այս օրերին գտնվում է դատական պրոցեսի մեջ եւ դատավորների միջոցով փորձում է իր ընկերությունների դեմ ներկայացրած հայցերը «ջրել տալ»:
Տեւական ժամանակ է, ինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած գործարար Սիլվա Համբարձումյանը կարծես թե «լռել» էր: Այս տիկինը պարբերաբար հայտնվում է աղմկալի իրադարձությունների կենտրոնում, իր վրա բեւեռում բոլորի ուշադրությունը, այնուհետեւ ասում, թե ինքը կապ չունի, իրեն վիրավորել են, ապտակել են, «բոյով մեկ» «քցել» են: Բանն այն է, որ սեպտեմբերի 25-ին լրատվամիջոցների հետ զրույցում գործարարը հայտարարել էր, թե պատրաստվում է կաշառքի հայտարարություն անել պետական պաշտոնյայի մասին: Ավելին՝ գործարարը ասել էր, թե մինչ օրս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իր պարտքերը չեն վերադարձրել:
Թե ինչ կաշառքի մասին հայտարարություն պետք է անի Սիլվա Համբարձումյանը, դեռ չի շտապում գաղտնազերծել: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սիլվա Համբարձումյանը դատական մի շարք հայցեր ունի իրեն պատկանող ընկերությունների դեմ եւ հիմա էլ դատական համակարգում ծանոթների միջոցով փորձում է հայցերը կա՛մ մեժել տալ, կա՛մ հայցվոր ընկերություններին փորձել համոզել, որ ինչ-ինչ ճանապարհով հայցից հրաժարվեն:
«Ժողովուրդ»-ը հետաքննություն անցկացրեց եւ պարզեց, որ օրինակ՝ 2015 թվականի փետրվարի 24-ին «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կալաչ» ՍՊԸ-ից գումար գանձել, սակայն ընկերության հայցը մերժվել է: Դրանից առաջ՝ 2014-ին, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն էր դիմել դատարան՝ ընդդեմ «Կալաչ» ՍՊ ընկերության, Սիլվա Համբարձումյանի, «Սիփան-1» ՍՊ ընկերության, «Լուլիար» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման եւ բռնագանձումը գույքի վրա տարածելու պահանջով: Ու մինչ դատարանը կսկսեր դատաքննությունը, բանկը հրաժարվեց հայցից, ու խնդիրը լուծվեց:
Ավելին՝ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ՍՊ ընկերությունից գումար գանձելու պահանջով դատական հայց էր ներկայացրել նաեւ «Դի Էս Սիսթեմս» ՍՊԸ-ն Ու թեեւ Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել: Իսկ դատարանն էլ՝ պարզելով, որ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որոշել էր գործը փակել:
Ու թեեւ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «Կալաչ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, որի մասին «ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 24-ին հրապարակեց, այնուամենայնիվ, գործարար Սիլվա Համբարձումյանը որոշեց խուսափել իրականությունից: «Ոչ մի բան չկա, «Կալաչ»-ը վերսկսում է, վերսկսել է աշխատել, ոչ մի աճուրդի երբեք չի եղել, ուխտը ինչքան ընկնի, մի իշաբեռ ունի»,- ահա, այսպես պատկերավոր էր իր վիճակը բացատրել տիկինը: Իսկ որտե՞ղ է էշն ու իշաբեռը:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ:
-Տիկի՛ն Համբարձումյան, Ձեր ընկերության դեմ դատական հայցերը Դուք կարողանում եք կարճել կամ մերժել տալ: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ հայցվոր ընկերություններն են հայցից հրաժարվում:
-Լավ չգիտեք, քանի դատավճիռներ են իմ դեմ կայացվել, Դուք ինձ եք ասում:
-Միգուցե կան դեպքեր, որ Դուք եք դատարանում պարտվել, հիմնականում գրեթե բոլոր դատական պրոցեսներից հաղթող եք դուրս եկել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Դուք տարբեր ճանապարհներով հասնում եք դրան՝ անգամ գործի դնելով դատավորներին անձամբ խնդրելու տարբերակները:
-Մենք օրինական դաշտում ենք, պայքարում ենք, շուտով ասուլիս կտանք եւ այդ մասին մանրամասն կներկայացնենք, կան դատական պրոցեսներ, որ դեռեւս շարունակվում են:
-Միգուցե հենց շարունակվող դատական պրոցեսների մասով էլ այս օրերին դիմում եք Ձեր դատավոր ընկերներին, որ կարողանան օգնել Ձեզ՝ գործը հօգուտ Ձեզ լուծելու համար:
-Ուրեմն ուշադիր ինձ լսեք. ես այն մարդը չեմ, որ եթե ճիշտ չլինեմ եւ դիմեմ դատարան: Երկրոդը, եթե մարդ ընկեր ունի, ապա այդ ընկերոջը երբեք վնաս չի տա, ես էլ օրինական դաշտում եմ, ամեն ինչ փաստաթղթերով ենք իրականացնում, հո այդպես չի՞:
-Տիկի՛ն Համբարձումյան, Դուք մշտապես հայտնվում եք աղմկալի պատմությունների կիզակետում. ասում եք, որ Սյունիքի մարզպետն է Ձեզ պարտք, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, եւ դեռ առաջիկայում էլ պատրաստվում եք ինչ-որ պաշտոնյայի անուն տալ կաշառակերության մասով: Շատ չե՞ն այս դեպքերը մի գործարարի համար:
-Չգիտեմ, երբ հայտարարությունը անեմ, պատկերավոր կլինի ամեն ինչ:
Քնար Մանուկյան