Սերժ Սարգսյանի մոտ սկսել է «կաղ բադիկի» սինդրոմ նկատվել, այն էլ` ժամանակից շուտ: Նշենք, որ քաղաքագիտության մեջ «կաղ բադիկի» սինդրոմ են համարում այն վիճակը, երբ երկրի ղեկավարին մնում է պաշտոնավարման կարճ ժամանակ, եւ նա սկսում է իշխանության ներսում կամաց-կամաց կորցնել իր ազդեցությունը:
Ինչպես պնդում են փորձագետները, հիմա այդ վիճակը Սերժ Սարգսյանի մոտ է. նա սկսել է աննկատ կերպով կորցնել ազդեցությունն իր թիմի ներսում: Ու եթե մինչեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ՀՀԿ-ում համարում էին, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը դեռ 5 տարի կա, ապա փետրվարի 19-ից արդեն համարում են` նրա պաշտոնավարմանը մնաց 5 տարի: Այդ հանգամանքը, իհարկե, առաջին հայացքից չի նկատվում: Սակայն այդ մասին են վկայում առաջին հայացքից աննշան թվացող փաստերն ու ՀՀԿ ներսում տիրող տրամադրությունները:
15 տարի անց
Փորձագետների պնդմամբ՝ հիմա իշխանության ներսում ստեղծված են բոլոր նախադրյալները ներպալատական հեղաշրջման միջոցով Սերժ Սարգսյանին տապալելու համար: Ընդ որում, իշխանական ճամբարում ստեղծված իրավիճակը շատ բաներով նման է 1997-1998թթ. ՀՀՇ իշխանության օրոք Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ներսում տիրող տրամադրություններին, երբ ՀՀՇ-ն, ըստ էության, բաժանվել էր մի քանի թեւի, ու թեւերից յուրաքանչյուրը պայքարում էր մյուս բոլորի դեմ: Հետեւանքը եղավ 1998թ. ներպալատական հեղաշրջումը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով հրաժարական ներկայացրեց: Հիմա ՀՀԿ-ն է բաժանված մի քանի թեւի, եւ այդ թեւերից յուրաքանչյուրը պայքարում է մյուսների դեմ: Պատահական չէ, որ վերջերս իր ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թափանցիկ ակնարկներ արեց իր դեմ մամուլում հոդվածներ պատվիրողների մասին` խորհուրդ տալով նրանց խնայել այդ գումարներն ու ծախսել սեփական ընտանիքների բարեկեցության վրա: Հասկանալի է` թեեւ առանց անուն տալու, բայց Արգամիչը նկատի ուներ իշխանական ուժերին (հոդվածներ պատվիրելը նրանց ոճն է), այլ ոչ թե ընդդիմությանը, որը հարկ եղած դեպքում չի զլանում բացահայտ քննադատել Արգամիչին:
Սրան զուգահեռ հատկանշական է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այլեւս չունի նաեւ քաղաքական այն նախկին աջակցությունը, ինչ ուներ, օրինակ, 2008-2012թթ.: Այլեւս իշխող կոալիցիայի կազմում չեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ս.Սարգսյանի միակ քաղաքական հենարանը մնացել են «խարխլված» ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, որի նշանակությունը, մեղմ ասած, զրոյական է, եւ մեկ-երկու մարդ-կուսակցությունները, որոնց ղեկավարները հանգրվանել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունում:
Վերաբաժանման շեմին
Սերժ Սարգսյանի հանդեպ դժգոհություն է հասունացած նաեւ օլիգարխների մոտ, որոնք անգամ վիրավորված են նրանից` մասնավոր զրույցներում չթաքցնելով այդ հանգամանքը: Պատահական չէ, որ մի շարք օլիգարխների պատկանող ընտրատարածքներում Ս.Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ պարտություն էր կրել, ասել է թե` «այդ տարածքների տիրակալներն» առանձնապես ջանք չէին գործադրել այս ուղղությամբ:
Ինչպես հայտնի է, այս օրերին ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում մի շարք օլիգարխների պատկանող ընկերություններում, ընդ որում` այդ օլիգարխների մեծ մասը հենց իշխանության բուրգի վերեւում կանգնած անձինք են: Օրինակ` Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելու համար ներգրավվել է 160 հարկային տեսուչ: Լայնամասշտաբ ստուգումներ են ընթանում նաեւ Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին, Աշոտ Աղաբաբյանին եւ այլոց պատկանող ընկերություններում, եւ այդպես շարունակ: Այս ամենը, բնականաբար, չի կարող անհետեւանք մնալ:
Ավելին, տեսակետ կա, որ այդ ամենի հետեւանքը լինելու է որոշ ժամանակ անց շահութաբեր ոլորտներում բիզնեսի վերաբաշխումը` Ս.Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «քավորությամբ»: Մանավանդ որ փեսան ինքն էլ սկսել է այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանել. նախ` կրիմինալ կամ կիսակրիմինալ անցյալով հայտնի օլիգարխների դեմ պայքարի անվան տակ փորձում է կամաց-կամաց բիզնես դաշտ մտցնել իր ընկերներին` օսլայած մազերով, եվրոպական կրթությամբ անձնավորություններին:
Մի խոսքով, իշխանության ներսում իշխանության կռիվ է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ