Հովիկ Աբրահամյանի քաղաքապետ որդին աշխատանք չի տվել նախկին պաշտոնակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ակտիվ քննարկվում է այն մասին, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է իր ընտանիքի հետ Հայաստանից հեռանալ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մտադիր է մշտական բնակության մեկնել Ֆրանսիա, ավելին՝ նախատեսված փաստաթղթային գործընթացն ավարտման փուլում է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ:

– Պարո՛ն Մուրադյան, ըստ որոշ տեղեկությունների՝ Դուք Ձեր ընտանիքի հետ միասին պատրաստվում եք Հայաստանից մեկնել դեպի Ֆրանսիա՝ մշտական բնակության: Ճի՞շտ են այս տեղեկությունները, թե՞ ոչ: 

-Ո՞վ է նման բան ասել: Նման բան չկա:

-Նաեւ քննարկվում է, որ Ֆրանսիայում Դուք ունեք ե՛ւ սեփական բնակարան, ե՛ւ բիզնես: Այս մասին ի՞նչ կասեք:

-Ես մի բնակարան ունեմ, այն էլ Արտաշատում: Այլ երկրում բնակարան չունեմ: Ավելին՝ չեմ պատրաստվում առաջիկայում Հայաստանից մեկնել:

-Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: Աշխատանք չունե՞ք:

-Դեռ հանգստանում եմ: Անձնական որոշ գործեր ունեմ, վերջացնեմ, կմտածեմ, թե ինչով զբաղվել:

-Իսկ պետական կառույցներից աշխատանքի առաջարկություններ ստացե՞լ եք:

-Դեռ առաջարկ որպես այդպիսին չէ…, ինձ թվում է՝ առաջիկայում անպայման կլինի:

-Այսինքն՝ առաջարկ ստացել եք, բայց չե՞ք հարմարվում:

-Կոնկրետ բան չկա, բայց երբ լինի, առաջինը Դուք տեղյակ կլինեք: Սպասում եմ:

-Պարո՛ն Մուրադյան, Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ ակտիվ քննարկվում էր, որ Դուք մեծ ցանկություն ունեիք առաջադրել Ձեր թեկնածությունը, սակայն Աբրահամյանների ընտանիքը «թույլ չտվեց», ինչի պատճառով խիստ վիրավորված էիք նրանցից:

-Այդպես չի եղել, դա իմ ցանկությամբ է եղել: Այդ խոսակցությունները իմ ականջին էլ են հասել, եւ ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ ցանկությամբ չեմ առաջադրել թեկնածությունս: Ես ինքս չեմ ցանկացել նորից առաջադրվել: Նաեւ ոչ ոքից չեմ նեղացել:

-Իսկ նորանշանակ քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, աշխատանքային առաջարկով չի՞ դիմել:

-Չէ, քաղաքապետն ի՞նչ պետք է առաջարկի:

-Իսկ Դուք աշխատանքային առաջարկով չե՞ք դիմել իրեն:

-Ո՛չ, ես ինքս էլ չեմ դիմել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս