Սերժ Սարգսյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: Ելոիյթում մասնավորապես ասվում է.

«Համաժողովի հարգելի՛ նախագահ,
Տիկի՛ն գլխավոր քարտուղար,
Պատվիրակությունների հարգարժա՛ն ղեկավարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ազդարարել այս ներկայացուցչական հանդիպման՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի մեկնարկը: Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար, և Հայաստանը նույնքան բացառիկ ջերմությամբ ու նվիրումով է հյուրընկալում ֆրանկոֆոն մեծ ընտանիքի անդամներին: Այս համաժողովը լավագույն առիթ է բոլորիս համար՝ մեկ անգամ ևս արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և ամփոփելու ողջ տարվա ընթացքում Հայաստանում տիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում։

Թույլ տվեք նաև շնորհավորել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանին, ով իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ է մասնակցում կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին: Պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում տիկին Ժանը լավագույնս է ներկայացրել կազմակերպությունը և վերջինիս մաս կազմող կառույցները միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ նրա խոհեմ ղեկավարությամբ կազմակերպությունը կշարունակի նախորդ գլխավոր քարտուղարի` Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի` ավելի քան տասնամյա գործունեության լավագույն ավանդույթները և նոր նվաճումներ կարձանագրի կազմակերպության աշխատանքներում: Շնորհավորում եմ, տիկին Միկայել:

Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունի Ֆրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ շուրջ մեկ հազարամյակ առաջ ֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունում հայոց արքունիքի պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր: Այսօր Հայաստանը հաստատակամորեն իրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածման ու խորացման հանձնառությունը:

Այսօր աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80 պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելը մեզ համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմական կապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար:

Պարո՛ն նախագահ,

Այսօր մենք ապրում ենք միջազգային ասպարեզում ի հայտ եկած նոր ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում, բաժանարար գծերի խորացման ականատես ենք դառնում: Ուստի, առանձնակի կարևորություն են ստանում միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։ Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետությունն ու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը բացառիկ կարևորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքային նկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատև միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում։

Ցավոք, հակամարտությունները և ճգնաժամերը շարունակում են սպառնալ նաև ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը և վտանգել կայուն զարգացումը: Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովի գլխավոր թեմա, առաջարկեց հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որ հանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվ հակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի, հակամարտությունների և անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է:

Կան այլ բնագավառներ, որտեղ մենք կարող ենք միասնաբար գործել` մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն, տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ. դրանք բոլորն էլ Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին:

Ցանկանում եմ հատկապես առանձնացնել կլիմայական փոփոխությունների վերահսկման խնդիրը: Մեր սերունդների համար առողջ ու անվտանգ ապագա կերտելը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։ Այս առումով ես վստահ եմ, որ ֆրանկոֆոն համայնքն իր ներդրումը կունենա այս տարեվերջին Փարիզում կայանալիք՝ Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովի հաջողության գործում:

Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց, Երևանում անցկացնելով այս համաժողով, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր երկրի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ համագործակցության ու երկխոսության այս տարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը: Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ:

Համաժողովի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք, իսկ ձեզ՝ նաև ակտիվ և հաճելի ճանաչողական ժամանց Հայաստանում:

Բարով եք եկել»:




Լրահոս