Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում է ներկայացնել 2012 թվականի իր զեկույցը` ըստ ոլորտների: Ստորեւ ներկայացնում ենք զեկույցում դատախազության եւ հատուկ քննչական ծառայության գործունեությանը վերաբերող հատվածը:
Դատախազության եւ ՀՔԾ գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ թերացումները.
Դատախազություն
– Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները եւ խախտումները, ինչպես նաեւ լիազորությունների չարաշահումները:
– Խիստ մտահոգիչ է, որ դեռեւս լիարժեք եւ օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:
– Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:
– Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ ուսումնասիրման համար:
– Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելի, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:
– Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաեւ կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետեւանքով:
Հատուկ քննչական ծառայություն
– Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:
– Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:
– Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որեւէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:
– Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:
Արձանագրված դրական զարգացումները.
– Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:
– Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:
– Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:
– Դատախազությունը եւ Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: