Վահրամ Շահինյանի գլխին սև ամպեր են կուտակվել. սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Իրավապահ համակարգում սպասում են քաղաքական որոշման, ինչից հետո Վահրամ Շահինյանին սպառնում է նվազագույնը աշխատանքից հեռացում, իսկ առավելագույնը՝ քրեական պատասխանատվություն:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2015 թվականի օգոստոսի 12-ին գրել էր, որ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը: Պարզել էինք, որ Արարատի մարզային քննչական վարչության պետը Արամ Հարությունյանն է, որը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է:

Իսկ ինչ էր արել մարզի քննիչը: Օգոստոսի 4-ին հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քաղաքացի Ժաննան դիմել էր իրավապահներին եւ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում խուզարկություն է կատարել, սակայն իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի որոշման հետ, որ իր բնակարանում, ըստ օրենքի, պետք է թույլ տան խուզարկություն կատարել:

Ավելին` Ժաննայի պատմելով՝ նույն օրը՝ երեկոյան, քննիչը նրան առանց ծանուցագրի տարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ նա պետք է ցուցմունք տա: Ժաննան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն այս հանգամանքը չի խանգարել քննիչին, քանի որ վերջինս, անկախ ստեղծված իրավիճակից, ցուցմունք է վերցրել Ժաննայից: Ժաննայի խոսքերով՝ հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, սակայն քննիչի կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության ներքո նա ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ: Կնոջ այս հաղորդման հիման վրա էլ ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է նախաքննություն: Եվ հիմա Վ. Շահինյանի ղեկավարությամբ ՀՔԾ-ն քննում է իր փեսայի կառույցի քննիչի գործողությունները:

Ու այս պայմաններում խոսել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության մասին, մեղծ ասած, չի ստացվի: Միգուցե նախաքննության ընթացքում պարզվի, որ ՀՔԾ պետ Վ. Շահինյանի փեսան` Ա. Հարությունյանը, տեղյալ է եղել իր ղեկավարած կառույցի քննիչի գործողությունների մասին, եւ, ահա, այս դեպքում Վ. Շահինյանը արդյո՞ք իր փեսային եւս պատասխանատվության կենթարկի, թե ամեն գնով ջրից չոր դուրս կբերի: Եւ հենց այս ազգակցական կապը հաշվի առնելով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը այս գործը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն` օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Սակայն մինչ օրս դատախազությունում այս որոշումը անհասկանալի հանգամանքներում չի կայացվում: Թե ինչն է խանգարում, դժվար է ասել: Չի բացառվում, որ ՀՔԾ պետը դատախազության հետ «ներքին կարգով» լուծել է հարցը, որպեսզի հարուցված քրեական գործի քննությունը այլ կառույց չուղարկվի, եւ ընտանեկան խնդիրները ՀՔԾ-ի ներսում կարգավորվեն, ավարտվեն:

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով ՀՔԾ պաշտոնական կայքը՝ Արարատի մարզին առնչվող շատ քիչ քրեական գործեր գտավ: Չի բացառվում, որ ՀՔԾ-ում Արարատի մարզի մասով հատուկ վերաբերմունք կա: Հենց այս հատուկ վերաբերմունք էլ կարող է «ճակատագրական ավարտ» ունենալ ՀՔԾ պետի համար:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՔԾ պետը չի բացառում ինչ-ինչ քրեական գործերում «հովանավորի դեր է» կատարել, ինչի մասին զեկուցվել է Սերժ Սարգսյանին: Ուստի այս օրերին իրավապահ համակարգում սպասում են մեկ որոշման, թե ինչ որոշում կկայացնի Սերժ Սարգսյանը, արդյո՞ք քրեական պատասխանատվության կենթարկի Վ. Շահինյանին, թե պարզապես կսահմանափակվի նրան աշխատանքից հեռացնելով, ինչը ընդունված պրակտիկա է: Սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս