ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջի թռչնաֆաբրիկա») դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել է, որ ընկերության պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, իսկ արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են:
Ավելին, պարզվել է նաեւ, որ արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով, մսամթերքի մորթի եւ վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Այս պարագայում բնավ զարմանալի չէ, որ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ` աղիքային ինֆեկցիայի հարուցիչ, որը լուրջ վտանգ է ներկայացնում:
Վերոգրյալի հիման վրա ՍԱՊԾ-ն, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, այդ մասին տեղեկացնել սպառողներին եւ վերջիններից հետ վերցնել արտադրանքը:
Ընկերությունում հայտնաբերված հիշյալ խախտումների առնչությամբ պարզաբանումներ ստանալու խնդրանքով երեկ դիմեցինք «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանին, որի դուստրը դե յուրե նշված ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է:
«Որ արտահագուստ չի եղել, այդպիսի բաները լրիվ համապատասխանում են իրականությանը, դրանք արագ լուծվող խնդիրներ են, բայց սալմոնելայի վրա ես կասկածում եմ,-ասաց Ռ. Սարգսյանը եւ հավելեց, որ մակնշման հետ կապված թերությունը հիմա արդեն ամբողջությամբ ուղղված է»:
Ռ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՍԱՊԾ-ն «սառեցված հավ» արտադրանքի նմուշն ինչ-որ խմբաքանակից վերցրել է փետրվարի 7-ին, եւ երբ իրեն տեղեկացրել են առաջին անգամ վերցված նմուշում սալմոնելայի հայտնաբերման մասին, ինքն էլ ընկերության կողմից փետրվարի 11-ին նույն լաբորատորիային տարբեր խմբաքանակներից ուղարկել է երկու սառեցված հավ, որոնց հետազոտությամբ, սակայն, նշված մանրէները չեն հայտնաբերվել:
Նկատենք, որ ընկերության ուղարկած նմուշներում սալմոնելայի մանրէների չհայտնաբերման փաստը չի հերքում ծառայության կողմից լաբորատորիային ներկայացված նմուշներում դրանց հայտնաբերման իրողությունը` այն պարզ պատճառով, որ խոսքը բոլորովին տարբեր խմբաքանակների մասին է: Ավելին, փետրվարի 7-ի նմուշառումից առաջ ծառայությունն ընկերության արտադրանքի այլ նմուշառում էլ է կատարել, որում նույնպես, ըստ լաբորատոր քննության փետրվարի 6-ի եզրակացության, հայտնաբերվել է սալմոնելայի հարուցիչ: Ծառայության կողմից փետրվարի 7-ի նմուշառման վերաբերյալ պարոն Սարգսյանն ասաց նաեւ հետեւյալը. «Փորձանմուշ վերցնելու կանոնակարգը չեն պահպանել (հատուկ կանոնակարգ կա, թե ինչպես են վերցնելու` ձեռնոցներով եւ այլն), տնօրենն այնտեղ չի եղել, պահեստապետն է եղել, թե որտեղից են վերցրել, չեմ կարող ասել»:
ՀՀ առողջապահության նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ սանիտարական ոչ բարվոք պայմանները սալմոնելայի առաջացման հիմնական պատճառներից մեկն են: ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը տեղեկացրել է. «Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն եւ սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում, բազմանում է սննդի մեջ, եւ սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն եւ վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր»:
Տեսչության մասնագետը տեղեկացրել է նաեւ, որ սալմոնելայի մանրէները, սնունդ եւ օրգանիզմ թափանցելով, առաջացնում են օրգանիզմի ընդհանուր թունավորում, թուլություն, բարձր ջերմություն, սրտխառնուք եւ լուծ:
Նշենք նաեւ, որ հիշյալ վարակը, որը հիվանդ մարդուց կարող է անցնել առողջ մարդուն, ժամանակին բժշկական օգնություն չստանալու դեպքում կարող է նույնիսկ հանգեցնել վարակված մանկահասակ երեխաների ջրազրկման եւ մահվան:
Հայաստանում «Հավի միս» ապրանքային շուկայում «Ալեքս Գրիգ» ընկերությունից հետո իր արտադրական ծավալներով երկրորդ տեղում գտնվող «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում վերը նշված խայտառակ փաստերի հայտնաբերումը եւս մեկ առիթ է մտահոգվելու, թե Հայաստանում, ընդհանրապես, ինչ պայմաններում է իրականացվում հավի մսի արտադրությունը: Արդյո՞ք սովորական աշխատանքային օրերին, երբ լրագրողների համար ցուցադրական այցելություններ կամ «շոուներ» չեն կազմակերպվում, ամեն ինչ նորմալ, սննդի անվտանգության հաստատված չափորոշիչներին համապատասխան է իրականացվում…
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով ստեղծված եւ դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը, դեռ 1-2 ամիս առաջ այցելելով «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ՝ վերանվանված «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա», կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է. «Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չեն արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը»:
Հիշեցնենք, որ «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ընկերությունը պետական այլ մարմնի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից նախկինում նույնաբնույթ խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկվել է, սակայն դրանից համապատասխան հետեւություններ չի կատարել:
Հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի 26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից արտադրվող եւ իրացվող «Գետամեջ» անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1 մլն դրամի վարչական տուգանք:
ՏՄՊՊՀ-ի կողմից նշանակված տուգանքի չափն ընկերության համար, փաստորեն, այնքան չնչին է եղել, որ նրան նույնաբնույթ խախտումը շարունակելն ավելի ձեռնտու է եղել, քան չշարունակելը: Թերեւս այդ պատճառով էլ «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` «դադարեցնել եւ հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը եւ իրացումը…»: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես է վարվելու ՏՄՊՊՀ-ն՝ անդրադառնալո՞ւ է իր որոշման պահանջներից մեկի չկատարմանը, դրա համար տուգանելո՞ւ է ընկերությանը, թե՞…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ